13:49  ,  19 դեկտեմբերի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը՝ թիմի գլխավոր մարզիչ

Նորվեգացի մասնագետ Ուլե-Գունար Սուլշերը մինչեւ այս մրցաշրջանի ավարտը նշանակվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար, հաղորդում է ակումբի կայքը:

45-ամյա մասնագետից բացի, անգլիական ակումբի մարզչական շտաբում կաշխատեն թիմի նախկին ավագ Մայքլ Կարիկը, Կիրան Մաքեյնը եւ Մայք Ֆելանը, որը 14 տարի եղել է Ալեքս Ֆերգյուսոնի օգնականը «Մանչեսթեր Յունայթեդում»:

Ուլե-Գունար Սուլշերը 2015 թվականից աշխատում էր նորվեգական «Մոլդեում», որը գլխավորել էր նաեւ 2011-2014-ը: 2014-ին նա աշխատել է նաեւ ուելսյան «Կարդիֆում»: Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Սուլշերը մանչեսթերյան ակումբում խաղացել է 1996-2007-ը:

Հիշեցնենք, որ նախօրեին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվել էր Ժոզե Մոուրինյոյին, որը թիմը գլխավորում էր 2016 թվականից: Այդ ընթացքում մանչեսթերյան ակումբը նվաճել է Անգլիայի Սուպերգավաթը, Անգլիական լիգայի գավաթը եւ Եվրոպայի լիգայի հաղթողի կոչումը: Պորտուգալացի մասնագետի գործող պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2020 թվականի հուլիսը:

Անգլիայի առաջնության 17 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 26 միավորով 6-րդ տեղում է: Պրեմյեր լիգայի 17 խաղերում թիմը խփել եւ բաց է թողել 29-ական գոլ: Չեմպիոնների լիգայում մանչեսթերցիները դուրս են եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցեն ֆրանսիական ՊՍԺ-ի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում