15:08  ,  13 դեկտեմբերի, 2018

Ռոնալդու. Չեմպիոնների լիգայի լավագույն հատվածը հիմա է սկսվում

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում շվեյցարական «Յանգ Բոյզից» կրած պարտությունը 1:2 հաշվով:

«Չեմպիոնների լիգայի լավագույն հատվածը հիմա է սկսվում: Վստահ եմ, որ մենք պատրաստ կլինենք պայքարի: Ես պահպանում եմ հանգստությունը, քանի որ գիտեմ իմ ու այս թիմի ներուժը:

«Յանգ Բոյզի» դեմ խաղում կարող էինք խփել մի քանի գոլ, սակայն սա ֆուտբոլ է, նման բան եւս լինում է: Պետք է կենտրոնանալ առաջիկա խաղերի վրա»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է ForForTwo-ն:

Հիշեցնենք, որ չնայած այդ պարտությանը՝ «Յուվենտուսը» փլեյ-օֆֆ դուրս եկավ առաջին տեղով:

Չեմպիոնների լիգայի այս մրցաշարում Ռոնալդուն խփել է ընդամենը մեկ գոլ, իսկ խմբային մրցաշարի լավագույն ռմբարկու դարձավ Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին:

Ամստերդամի «Այաքսի» դեմ 6-րդ տուրի խաղում Լեւանդովսկին դարձավ դուբլի հեղինակ եւ գոլերի քանակը հասցրեց 8-ի՝ շրջանցելով «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին, որն աչքի է ընկել 6 անգամ: Լավագույն եռյակը 5 գոլով եզրափակում են 6 ֆուտբոլիստներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում