Օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր, վերջերս ֆուտբոլիստի կարիերա սկսած Ուսեյն Բոլթը կհեռանա ֆուտբոլից, եթե որեւէ ակումբի հետ պայմանագիր չկնքի մինչեւ նոյեմբերի ավարտը: Այդ մասին 32-ամյա ջամայկացին հայտնել է NBC Sports-ի հետ հարցազրույցում:
«Առաջարկներ ունեմ տարբեր ակումբներից: Այժմ ընտրում եմ ամենահամապատասխանը: Որոշում կկայացնեմ մինչեւ նոյեմբերի ավարտը: Կամ պայմանագիր կկնքեմ ակումբի հետ, կամ կրաժեշտ կտամ ֆուտբոլային երազանքին»,- ասել է Բոլթը, որը վերջերս հեռացել էր ավստրալական «Սենթրալ Քոսթ Մարիներս» ֆուտբոլային ակումբից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ջամայկացի նախկին արագավազորդը հրաժարվել է պայմանագիր կնքել «Սենթրալ Քոսթ Մարիներսի» հետ, որը տարեկան 150 հազար դոլար աշխատավարձ էր առաջարկել նրան։ Բոլթն ակնկալում էր ավելի բարձր աշխատավարձ։
Հիշեցնենք, որ 2017-ին աթլետի կարիերան ավարտած Ուսեյն Բոլթը սկսել է ֆուտբոլիստի կարիերա եւ վերջերս առաջին գոլերն էր խփել «Սենթրալ Քոսթ Մարիներսի» կազմում: Հոկտեմբերի 12-ին կայացած «Մաքարտուր Վեստ Կոս Յունայթեդի» դեմ Ավստրալիայի առաջնության նախամրցաշրջանային խաղում ջամայկացի նախկին արագավազորդը դարձել էր դուբլի հեղինակ: 57-րդ րոպեին Բոլթն առաջին գոլն է խփել պրոֆեսիոնալ ֆուտբոլում, իսկ 11 րոպե անց աչքի է ընկել եւս մեկ անգամ: «Սենթրալ Քոսթ Մարիներսը» հաղթել էր 4:0 հաշվով, իսկ նախկին աթլետն առաջին անգամ հանդես է եկել մեկնարկային կազմում:
Ուսեյն Բոլթն օգոստոսից է մարզվում ավստրալական ակումբում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում