Ծանրամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադից Հայաստան վերադառնալուց հետո «Զվարթնոց» օդանավակայանում կիսվել է տպավորություններով, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:
«Տպավորությունների մասին կասեմ, որ ինչի համար գնացել էի աշխարհի առաջնության, դրանով վերադարձա: Շատ ուրախ ու հպարտ եմ դրա համար: Ռեկորդի մասին կասեմ, որ դա քրտնաջան աշխատանքի արդյունք էր, որի համար ես պատրաստվել էի: Եթե լիներ անվստահություն, չէի գնա դրան: Ես գիտեի, որ հրում վարժությունում ուժեղ եմ եւ պոկում վարժության մեկ անհաջող մոտեցումը չխանգարեց ինձ:
8 տարի առաջ չէի կարող պատկերացնել, որ ես եմ լինելու հաջորդ աշխարհի չեմպիոնը Հայաստանից: Այս հաղթանակն ինձ տալիս է մոտիվացիա, որպեսզի հաջորդ տարիներին կրկնեմ ու գերազանցեմ իմ արդյունքները: Այս անգամ ես լավ էի պատրաստվել եւ ստացվեց ինձ մոտ:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալն իմ նպատակն է: Պետք է գնամ եւ, հուսով եմ, որ կվերադառնամ ոսկե մեդալով: Հաղթանակս նվիրում եմ իմ ամբողջ հայ ազգին, բոլոր նրանց, ովքեր ուրախացել են իմ հաղթանակով»,- ասաց Սիմոն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության 109 կգ քաշային կարգում Ռիո-2016 օլիմպիական փոխչեմպիոնը հաղթել էր երկամարտի 435 կգ (195+240) արդյունքով: Երկրորդ տեղը գրաված չինացի Ժե Յանգի երկամարտի արդյունքն էր 419 կգ: 21-ամյա Սիմոն Մարտիրոսյանն առաջին անգամ դարձավ աշխարհի փոխչեմպիոն:
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմում մեդալակիր էր դարձել նաեւ Գոռ Մինասյանը (+109 կգ), որը գրավել էր երկրորդ տեղը: Աշխարհի առաջնությունը վարկանիշային էր Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար: Հայաստանի թիմի կազմում Աշխաբադում հանդես եկան նաեւ Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) եւ Հակոբ Մկրտչյանը (89 կգ), որոնք մեդալ չնվաճեցին երկամարտում: Հակոբ Մկրտչյանը զբաղեցրեց 7-րդ տեղը եւ փոքր արծաթե մեդալ նվաճեց հրում վարժությունում, իսկ Անդրանիկ Կարապետյանը զրո ստացավ պոկում վարժությունում:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում