09:08  ,  19 հոկտեմբերի, 2018

ՀԹՖ-ում պառակտում է. Ֆեդերացիայի նախագահը գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է

Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայում պառակտում է՝ մի մասը ցանկանում է ֆեդերացիայի նախագահի ընտրություն, ղեկավար կազմի փոփոխություն, իսկ մյուս մասը փորձում է պահպանել ներկայիս գործող կազմը: Ֆեդերացիայի նախագահը գեներալ Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանն է: Ֆեդերացիայի պատվավոր նախագահը Մանվել Գրիգորյանն է:

Ֆեդերացիայի գործող կազմից բողոքողներից մեկն էլ Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահության անդամ, Արցախի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ, ՀԹՖ  «Հվարանգ» ակումբի նախագահ Վրեժ Խաչիկյանն է:

NEWS.am Sport-ի թղթակիցը հանդիպեց Վրեժ Խաչիկյանի հետ, որը ներկայացրեց հայկական թաեքվոնդոյում ծառացած խնդիրները, անօրինական գործունեությունը: Գործող նախագահ Կարեն Գրիգորյանը մայիսից չի զբաղվում ֆեդերացիայի նախագահությամբ, ֆեդերացիան բարձիթողի վիճակում է հայտնվել մասնավորապես Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո:

Պարոն Խաչիկյան, ի՞նչն է Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայում այս շրջանում բարձրացած բողոքի ալիքի պատճառը:

Հայկական թաեքվոնդոյի ներկայացուցիչները, մարզիչները, մարզիկները, ծնողները, թաեքվոնդոյի սիրահարները ցանկանում են ազատվել Մանվել Գրիգորյանի լծից, արդեն ժամանակն է՝ պետք է ծանոթ-բարեկամ-հարեւան տարբերակները հայկական սպորտում, այդ թվում եւ թաեքվոնդոյում չլինեն: Եկել է մեր մարզաձեւում արդարությունը վերականգնելու ժամանակը:

Ուղիղ 10 տարի Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի պատվավոր նախագահ է հանդիսանում գեներալ Մանվել Գրիգորյանը: Այս 10 տարիների ընթացքում ֆեդերացիայի արտահերթ համաժողովներն ու նիստներն անցկացվում են կամ Երեւանում գտնվող Երկրապահ կամավորականների շենքում, կամ Էջմիածնում՝ Երկրապահ կամավորականների շենքում: Երկրպահների շենքերում ընտանեկան-բարեկամական միջավայրում ֆեդերացիայի անդամներից բացի, երկրապահների մասնակցությամբ ֆեդերացիայի նախագահներ են ընտրվել տարբեր տարիներին: Նույն ձեւաչափով ֆեդերացիայի ղեկավար մարմիններ են ընտրվում Մանվել Գրիգորյանի բարեկամներն ու ընկերները: Օրինակ՝ ղեկավար մարմնի կազմում է Մանվել Գրիգորյանի փեսան՝ Գեւորգ Դանիելյանը, ով 12 տարի շարունակ հանդիսանում է թաեքվոնդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը: Նույնքան ժամանակահատվածում ֆեդերացիայի փոխնախագահ եւ ֆինանսական հարցերով գործադիր տնօրենն է Վարդան Ղահրամանյանը: Ի դեպ, ֆեդերացիայի կանոնադրությամբ հակացուցվում է, որ մեկ անձը երկու տարբեր պաշտոններում ղեկավարի: Իսկ Վարդան Ղահրամանյանը Մանվել Գրիգորյանի եւ նրա որդու՝ Կարեն Գրիգորյանի ընկերն է: Միեւնույն ժամանակ այդ նույն անձնավորությունը հանդիսանում է նաեւ Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչը եւ դրա համար ստանում է նախարարության կողմիցն հաստատված 140 հազար դրամ անվանական թոշակ: Սա այն պարագայում, երբ Վարդան Ղահրամանյանը երբեւէ հավաքական չի մարզել, մարզումներին չի մասնակցել: Ես ընդհամենն ունեմ 2018 թվականի սպորտի նախարարի հրամանն այն մասին, որ Վարդան Ղահրամանյանին նշանակված է անվանական թոշակ մեկ այլ մարզչի սանի տված արդյունքի համար: Նա նաեւ ֆեդերացիայի ֆինանսական գործերով տնօրենն է: Ֆեդերացիա մուտք գործած ցանկացած ֆինանսական միջոց տնօրինում է նա, ու արդեն մի քանի ամիս է, նաեւ ֆեդերացիայի նախագահի փոխարեն ստորագրում է հրամաններ:

Վարդան Ղահրամանյանը հայտարարում է, որ ինքն այս շրջանում ստանձնում է ֆեդերացիայի նախագահի լիազորությունները. պաշտոնակատարն է: Ֆեդերացիայի նախագահը նրան լիազորել է զբաղվել ֆեերացիայի աշխատանքներով: Վարդան Ղահրամանյանից օրենքի ուժով պահանջում ենք՝ ներկայացնել համապատասխան փաստաթուղթը, որ ինքը լիազորվում է ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար լինել: Այդ ընթացքում նաեւ արդեն շուրջ 3 ամիս է, ֆեդերացիայից գրավոր պահանջում ենք ֆեդերացիայի նախագահության անդամների ցանկ եւ ֆեդերացիայի անդամների ցանկը, բայց չեն ներկայացնում, քանի որ այդ փաստաթղթերն իրականում չկան: Կարեն Գրիգորյանը մինչ օրս հանդիսանում է ֆեդերացիայի նախագահ, ով, ըստ ֆեդերացիայի կանոնադրության, առնվազն պետք է հրաման ստորագրեր եւ առավելագույնը մեկ ամսով ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար նշանակեր Վարդան Ղահրամանյանին:

Ֆեդերացիան արդեն երկար տարիներ նախագահության նիստեր չի անցկացնում: Եթե անցկացներ ֆեդերացիան պետք է ամիսը մեկ անգամ նախագահության նիստ հրավիրեր, 3 ամիսը մեկ ընդլայնված նիստ, որը վավեր պետք է ճանաչվեր մասնակիցների 2/3-րդով:

Այս իրարանցումից հետո ֆեդերացիան նախագահության ընդլայնված նիստ է հրավիրել, որին փաստաթղթով մասնակցում էր 54 անդամ, բայց իրականում դահլիճում շուրջ 30 անդամ հազիվ լինեին: Իսկ այդ 30-ից էլ՝ հարց էր, թե ովքեր էին ֆեդերացիայի անդամներ. Նույնիսկ նախագահության 5 անդամ ներկա չէին: Այդ նիստն նպատակադրված էր անցկացնել գաղտնի: Ես 2006 թվականից ֆեդերացիայի նախագահության խորհրդի անդամ եմ եւ նիստին մասնակցելու հրավեր չէի ստացել:

Պարոն Խաչիկյան, Ձեր հստակ պահանջն է՝ արտահերթ նիստ անցկացնել եւ նախագահի ընտրություն իրականացնել: Եթե այո, Դուք պատրաստվո՞ւմ եք ներկայացնել Ձեր թեկնածությունը ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:

Ես ու մի խումբ մարդիկ, ֆեդերացիայի այս ղեկավարությունից հոգնած շատ մարզիչներ, մարզիկներ պահանջում են, որ կայանա նախագահի ընտրություն, նոր նախագահ ընտրվի եւ այս ֆեդերացիան սկսի բնականոն հունով աշխատել: Այս խարդախություններն արդեն շատերին են անհանգստացնում: Նույն Արման Երեմյանը բազմիցս խոսեց խնդիրներից, գումարների բացակայությունից, տարվա պլանով մրցաշարերի համար տրամադրվող գումարների պակասից կամ ավելի վատ բացակայությունից: Բայց երբ Արման Երեմյանը հաղթանակներ էր գրանցում, նրա անվան տակ շատ մարդիկ 100 հազարներով պարգեւավճարներ եւ անվանական թոշակներ էին ստանում:

Ես կդնեմ իմ թեկնածությունը նախագահի պաշտոնում, բայց խնդիրս ֆեդերացիայի նախագահ դառնալը չէ: Պաշտոնից կառչելու խնդիր չունեմ: Սրտացավ եմ մեր մարզաձեւում տիրող իրավիճակի համար, շատ երեխաների, ապագա չեմպիոնների ճանապարհը փակելու հարցում: Ես ուզում եմ, որ այլեւս ուղղորդված գործողություններ չլինեն, վախի մթնոլորտում քայլեր չարվեն: Մինչ օրս ֆեդերացիայի ժողովներն անցել են հետեւյալ կերպ՝ Մանվել Գրիգորյանը ձեռք է բարձրացրել, բոլորը ձեռք են բարձրացրել, ասում են՝ Կարեն Գրիգորյանը միաձայն ընտրվեց ֆեդերացիայի նախագահ, բայ ես անձամբ չեմ ընտրել, Արմեն Երեմյանը, Վարդան Վարդանյանը եւ Ջիվան Այվազյանը չեն ընտրել: Մի մարզիկ հաղթում է Հայաստանի առաջնությունը, մեկ այլ մարզիկի տանում են մրցման: Հարցնում ես՝ ինչո՞ւ, ասում են, դե ախպեր, Մանվել Գրիգորյանի փեսեն մեր փեսեն ա, յոլա պիտի տանենք...»:

Ես Գեւորգ Դանիելյանին, Վարդան Ղահրամանյանին արդեն ամիսներ շարունակ ասում եմ, որ նրանց հովանավորյալն այլեւս չկա, որ նրա թիկունքում թաքնվելով անօրինական գործունեություն ծավալեք: Պետք է հրավիրվի արդար համաժողով, ով ուզում է թող գա իր թեկնածությունն առաջադրի: Ես ուզում եմ, որ ամեն ինչ պարզ ու թափանցիկ լինի եւ բոլոր անդամները մասնակցեն ժողովին: Վերջին 8 տարիներին ֆինանսական հաշվետվություն չի ներկայացվել՝ թե ուր են գնացել ֆեդերացիայի գումարները, ինչի կամ ում վրա են ծախսվել: Եթե նույնիսկ ներկայացվել են, նեղ շրջանակներում: Պետությունը տալիս է 18- 20 միլիոն դրամ, նախարարությունը պարտավոր է վերահսկի ֆինանսական ծախսերըը:

Բազմիցս բողոքներ ներկայացրել ենք, որ նախարարությունը հետեւողական լինի, թե հավաքները, որոնց համար գումար է ծախսվել, եղել է, թե ոչ, հավաքներին այն մարզիկներն են մասնակցել, ով պետք էր, թե ոչ: Հայաստանի որոշ չեմպիոնները Եվրոպայի առաջնության են մեկնել կամ սեփական միջոցներով, կամ ծնողներից հավաքած գումարներով: Այդ առնչությամբ Հայաստանի քննչական կոմիտե հաղորդում են ներկայացրել 3 ծնողներ եւս, ուսումնասիրել Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի 2012 թվականից մուտք գործած ֆինանսների ծախսը, թե ուր են գնացել այդքան գումարները, ինչի կամ ում վրա են ծախսվել: Այս համակարգը 10 տարի կոռումպացված է գործել:

Ինչո՞ւ եք այս անօրինականությունների մասին հիմա բարձրաձայնում:

Այն ժամանակ բոլոր խնդիրների դեմ կար պատնեշ՝ Մանվել Գրիգորյան: Ես եւ իմ նման անհատներ այս խարդախությունների դեմ պայքարում էինք այնքան, որքան կարողանում էինք: Տարբեր ժամանակներում, տարբեր նախարարների օրոք գրություններ ենք ներկայացրել սպորտի ղեկավարությանը, տարբեր ատյաններին, բայց միշտ կանգնել ենք փակուղու առջեւ: 2014 թվականին սպորտի նախարարությանը եւ ՀԱՕԿ-ին գրություն ենք ուղարկել, որ Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայում փողերի լվացում է տեղի ունենում: Նախարարությունն իրականացնում է աուդիտ, եւ մեզ պատասխանում են, որ ամեն ինչ նորմալ է ֆինանսական հարցերում:

Հիմա ենք բարձրաձայնում, քանի որ ներկայիս գործող նախագահի լիազորություններն ավարտվում են 2018 թվականի նոյեմբերի 4-ին եւ ճիշտ ժամանակն է, որպեսզի թաեքվոնդոյի աշխարհի բոլոր մարդիկ համախմբվեն եւ արդար համաժողով անցկացնեն:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով