14:07  ,  22 սեպտեմբերի, 2018

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը միաձայն ընտրվեց ՀՖՖ նախագահ (ֆոտո, ուղիղ)

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: ՀՖՖ արտահերթ ժողովի (ուղիղ) մասնակից բոլոր պատվիրակները միաձայն քվեարկեցին Արթուր Վանեցյանի օգտին:

ՀՖՖ նոր նախագահի ընտրությանը ներկա չէր ՀՖՖ արդեն նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախագահել է 2002 թվականից: 16 տարիների ընթացքում ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուները, ֆուտբոլային տարբեր մասնագետներ պարբերաբար պահանջել են Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը: ՀՖՖ նախկին նախագահը ժամանակ առ ժամանակ խոստացել է հրաժարվել ֆեդերացիայի նախագահի պաշտոնից տարբեր պայմաններով՝ ազգային հավաքականի Եվրոպայի եւ աշխարհի առաջնության ընտրական փուլերում ձախողվելու դեպքում, բայց այդպես էլ չի լքել պաշտոնը, պատճառաբանելով, որ իրենից բացի դեռեւս չի տեսնում մեկ այլ թեկնածու նախագահի պաշտոնում:

Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ 16-րդ համագումարում լրագրողներին ասել էր, որ եթե ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը դնի իր թեկնածությունը ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, ապա ինքը չի առաջադրվի: Արթուր Վանեցյանը ՀՖՖ նախագահի պաշտոնում միակ առաջադրված թեկնածուն էր։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում