18:18  ,  5 սեպտեմբերի, 2018

Վարդան Մինասյան. Մեզ մի բան է պակասում, որ ինքներս մեզ չխաբենք ու չխաբենք ֆուտբոլը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նախախաղային ասուլիսում խոսեց ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մեկնարկային տուրի խաղերի մասին: Սեպտեմբերի 6-ին Հայաստանի հավաքականը Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կընդունի Լիխտենշտեյնին, իսկ 3 օր անց Սկոպյեում կխաղա մակեդոնացիների հետ:

Հավաքականի բոլոր խաղացողները պատրա՞ստ են խաղին, հատկապես Կառլեն Մկրտչյանը, որը վնասվածքի պատճառով բաց է թողել նախորդ խաղը:

Բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են, միայն Հրայր Մկոյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի այս 2 խաղերին եւ, հնարավոր է, որ նա կվիրահատվի: Մնացած ֆուտբոլիստները պատրաստ են: Ճիշտ է, կա որոշակի դիսբալանս, քանի որ որոշ ֆուտբոլիստներ շատ խաղաժամանակ են ստանում իրենց ակումբներում, իսկ մյուսները՝ ոչ: Կարծում եմ՝ այստեղ ամենակարեւորը հոգեբանությունն է: Այս 2-3 օրվա ընթացքում ես նրանց շատ լավ տեսա մարզումներին: Ինչ վերաբերում է Կառլեն Մկրտչյանին, ապա նա վնասվածք չուներ, այլ հոգնածության պատճառով բաց թողեց հանդիպումը, որպեսզի պատրաստ լինի հավաքականի խաղերին: Եթե հիշում եք, նախորդ 2 ընկերական խաղերից հետո ես ասացի, որ ցանկանում եմ էմոցիաներ տեսնել խաղացողների մոտ: Ես այս օրերին տեսա դա մարզումներին եւ հուսով եմ, որ դա կտեղափոխվի նաեւ խաղադաշտ:

Ըստ Ձեզ՝ թիմի հայտացուցակն ընտրելիս կատարե՞լ եք ամենաօպտիմալ որոշումը:

Կարծում եմ՝ մենք օպտիմալ կազմ ենք ընտրել, սակայն սա մեր մարզչական շտաբի կարծիքն է: Շատ բնական է, որ որոշ մարդիկ դրա հետ համաձայն չեն: Ես շատ նորմալ եմ համարում դա, որքան մարդ, այնքան կարծիք: Վնասվածքների պատճառով որոշ ֆուտբոլիստներ չմիացան մեզ: Շատ մեծ ցանկություն ունեինք, որպեսզի Յուրա Մովսիսյանը միանար մեզ: Այդ առումով, իհարկե, որոշակի ափսոսանք կա, բայց այն, ինչ մենք ունենք հիմա, մեր կարծիքով, դա օպտիմալ է այս պահին: Ինչ վերաբերում է Գագիկ Դաղբաշյանին, ես այս պահին նրան չեմ տեսնում հավաքականում:

Ինչպիսի՞ մրցակից է մեզ համար Լիխտենշտեյնի հավաքականը: Որո՞նք են մրցակցի ուժեղ եւ թույլ կողմերը:

Չեմ խոսի մրցակցի ուժեղ եւ թույլ կողմերի մասին: Դա կանեմ խաղից հետո: Հանդիպումից առաջ չեմ ցանկանում խոսել այդ մասին, քանի որ տեղակատվությունը շատ արագ է տեղ հասնում: Լավ ուսումնասիրել ենք մրցակցին եւ գիտենք նրա ուժեղ եւ թույլ կողմերը: 2 օր առաջ մենք ժողով ունեցանք խաղացողների հետ եւ նրանց ասացինք, որ այս մրցաշարում չկան ուժեղ եւ թույլ թիմեր: Կան տարբեր վարկանիշ ունեցող թիմեր: Պետք է օգտագործենք մրցակիցների թույլ կողմերը եւ սահմանափակնեք ուժեղ կողմերը: Մենք այդ կերպ ենք վերաբերում մեր բոլոր մրցակիցներին: Ես արդեն ասել եմ, որ ունենալու ենք 6 փոքր եզրափակիչ եւ կարեւոր է, որ բոլոր խաղերում հաղթենք: Ընդամենը մեկ միավորի կորուստը հետագայում կարող է շատ վատ անդրադառնալ մեզ վրա:

Յուրա Մովսիսյանի հետ զրուցե՞լ եք:

Միշտ կապի մեջ եմ Յուրայի հետ, եւ նախորդ անգամ նրա հետ զրուցել եմ 10 օր առաջ: Նա ակումբ էր փնտրում մինչեւ վերջին պահը, եւ ես ասացի, որ եթե նա թիմ գտնի եւ մասնակցի գոնե 2 խաղի, ապա կհրավիրվի հավաքական, ինչը տեղի ունեցավ Հովհաննես Համբարձումյանի հետ: Սակայն, ինչպես տեսաք, դա տեղի չունեցավ: Ուրախալի է, որ Յուրան ժամանակից շուտ է վերականգնվել վնասվածքից: 4 ամսվա փոխարեն նրա վերականգնողական փուլը տեւեց 2.5 ամիս: Հուսով եմ, որ նա ակումբ կգտնի եւ հոկտեմբերի 2 խաղերին կօգնի հավաքականին:

Կարճ ժամանակահատվածում հասցրե՞լ եք պատրաստվել խաղին:

Ոչ մի բան կիսատ չի մնացել մեզ մոտ: Պետք է հասցնեինք աշխատել պաշտպանության ու հարձակման վրա: Իհարկե, ժամանակը կարճ էր, սակայն մենք նոր չենք ճանաչում միմյանց: Նախորդ հարցազրույցում ասել էի, որ թիմը 60 տոկոսով նոր է ինձ համար, սակայն այդ հավաքի ժամանակ ես ավելի լավ ճանաչեցի խաղացողներին:

Արդյոք դիտե՞լ եք Վահագն Այվազյանի խաղը Հայաստանի առաջնությունում: Ինչո՞ւ նա չի հրավիրվել հավաքական:

Ես բոլորի ու բոլոր թիմերի խաղերը դիտել եմ 3-4 անգամ, թեեւ նոր բան պետք է չտեսնեի: Բոլորին դիտել եմ: Չկա այդպիսի ֆուտբոլիստ, որը կվրիպի մեր աչքից: Ինչ վերաբերում է Վահագն Այվազյանին, մի կասկածեք, որ ես շատ լավ ճանաչում եմ նրան: Եթե կարծում եք, որ մենք խաղացողի պետք է հրավիրենք տուգանային հարվածները հաջող իրացնելու համար, ապա մենք ունենք մի շարք խաղացողներ, որոնք կարող են անել դա: Կարծում եմ՝ Վահագն Այվազյանն աջ պաշտպան չէ: Հիմա նա ակումբում խաղում է այդ դիրքում, սակայն ինձ համար աջ պաշտպանը պետք է կատարի բոլորովին այլ ֆունկցիաներ: Աջ պաշտպանի դիրքում իմ ընտրած խաղացողներն ավելի լավ են կատարում այդ ֆունկցիաները: 

Ո՞րն է մեր հավաքականի ուժեղ կողմը, ինչի՞ վրա պետք է հույս դնել:

Պետք է հույսներս դնենք մեր վրա: Ես մեկ անգամ ասել եմ, որ մեր միտքը շատ ճկուն է: Ընդհանրապես, հայ ազգի միտքը շատ լավն է: Մեզ մի բան է պակասում, որ այդ ճկուն միտքը ճիշտ հունով տանենք, ինքներս մեզ չխաբենք ու չխաբենք ֆուտբոլը:

Եթե ֆեդերացիայի նոր ղեկավարությունը եւս վստահի Ձեզ, կշարունակե՞ք աշխատանքը մինչեւ ընտրական փուլի ավարտը:

Ես չեմ պատասխանի այդ հարցին, քանի որ այժմ բոլոր մտքերս կապված են առաջիկա 2 խաղերի հետ:

Նոր մրցաշրջանում կտեսնե՞նք որակապես նոր հավաքական:

Ինքս մեծ հույսեր ունեմ, որ կտեսնեմ դա: Ամեն բան նրանց գլխի ու ոտքերի մեջ է:

Գաել Անդոնյանը չհրավիրվեց հավաքական ակումբ չունենալու պատճառով, սակայն վերջերս հայտնի դարձավ, որ նա փորձաշրջան է անցնում Անգլիայում:

Գիտեմ, որ Գաելը տեղափոխվել է «Սանդերլենդի» մինչեւ 23 տարեկանների թիմ: Եթե նա հասցներ գոնե 1-2 խաղի մասնակցել, ապա, անպայման, կհրավիրվեր: Ես զրուցում եմ բոլորի հետ: Ես Ավստրիայի հավաքից հետո նրան ասել էի, որ պետք է շատ արագ գտնի նորմալ թիմ: Գաելը մեծ ներուժ ունեցող խաղացող է եւ կարող է հանդես գալ ուժեղ թիմերում: Ես նրան առաջարկեցի տեղափոխվել Հայաստան եւ այստեղ խաղալ 6 ամիս, սակայն նա որոշեց մնալ Եվրոպայում, եւ դա նրա ընտրությունն է:

Ծանո՞թ եք ՀՖՖ նախագահի թեկնածու Արթուր Վանեցյանին, ինչպե՞ս կբնութագրեք նրան եւ ինչպե՞ս կամփոփեք Ռուբեն Հայրապետյանի պաշտոնավարումը:

Արթուր Վանեցյանին ծանոթ եմ մամուլի հրապարակումներից եւ կարծիք հայտնել չեմ կարող: Իսկ Ռուբեն Հայրապետյանի պաշտոնավարման մասին հարցը, կարծում եմ, տեղին չեք տալիս: Ավելի լավ է խոսենք վաղվա խաղի մասին:

Կա՞ն այլ խաղացողներ, որոնք կարող են Ազգերի լիգայի ընթացքում միանալ հավաքականին:

Իհարկե, կան: Եկավ մի ժամանակ, երբ երիտասարդական եւ ազգային հավաքականների կապը կտրվեց: Հենց այս պահին կան ֆուտբոլիստներ, որոնք կարող էին լինել ազգային հավաքականում, սակայն երիտասարդական հավաքականը եւս խաղեր ունի եւ այս պահին նախընտրեցինք, որ նրանք խաղան այնտեղ: Նախկինում հավաքականի կորիզը կազմում էին «Փյունիկի» ֆուտբոլիստները, իսկ հիմա տարբեր մտածելակերպով ֆուտբոլիստներ են թիմում:

Ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի առաջնությունում լեգեոնականների լիմիտի վերաբերյալ:

Դա քննարկումների առարկա է: Կա 2 ճանապարհ՝ դու կարող ես լիմիտը սահմանել ֆեդերացիայի կողմից կամ պատասխանատվությունը թողնել ակումբների վրա: Այս եւ հաջորդ առաջնությունում դա բացառվում է, քանի որ շատ խաղացողներ ունեն պայմանագրեր, եւ լեգեոնականների լիմիտը լավ բանի չի բերի: Մենք դա կարող ենք մտցնել 2020-2021թթ. մրցաշրջանում: Շատ հարցեր պետք է ուսումնասիրվեն:

Արդյո՞ք վաղվա խաղում կարեւոր է ոչ միայն հաղթել, այլ դա անել խոշոր հաշվով, որպեսզի հետագայում չլինի խփած եւ բաց թողած գոլերի տարբերության խնդիր:

Իհարկե, ցանկալի է, սակայն հավատացնում եմ ձեզ, որ մեզ համար շատ կարեւոր է 3 միավոր վաստակելը: Եթե խաղն ընթանա այնպես, ինչպես մենք ենք ցանկանում, գուցե վաղվա խաղով մենք կպատրաստվենք նաեւ սեպտեմբերի 9-ի հանդիպմանը:

Ըստ Ձեզ՝ Ազգերի լիգան ի՞նչ է տալիս Հայաստանի հավաքականի պես թիմերին:

Ինչպես Հայաստանի, այնպես էլ մեր դիվիզիոնի մյուս թիմերի համար սա լավ հնարավորություն է: Եթե նայում ենք վարկանիշներին, այնտեղ չկան ընդգծված ֆավորիտներ: Այդ առումով, երբեմն մտածում ենք, որ ավելի հեշտ է այստեղ, բայց ես չեմ կարծում, որ հեշտ է լինելու: Մյուս 15 թիմերը եւս այդպես են մտածում: Ես երբեք չեմ առանձնացրել ուժեղ եւ թույլ թիմեր եւ նույնն ասել եմ իմ խաղացողներին: Եթե դու մրցակցին վերաբերում ես, որ դա շատ ուժեղ թիմ է, ապա հոգեբանորեն պարտվում ես եւ նույնը թույլ թիմերի դեպքում է: 

Դավիթ Եղիազարյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում