17:54  ,  31 օգոստոսի, 2018

Ուսեյն Բոլթի նորամուտին ներկա է եղել մոտ 10 հազար ֆուտբոլասեր

Օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը նորամուտն է նշել ավստրալական «Սենթրալ Քոսթ Մարիներս» թիմում: Ջամայկացի մարզիկը փոխարինման է դուրս եկել «Սենթրալ Քոսթ Սելեքթի» հետ ընկերական հանդիպման վերջնամասում: Նա խաղացել է մի քանի րոպե: «Մարիներսը» հաղթել է 6:1 հաշվով, հանդիպմանը հետեւել է 9 հազար 958 ֆուտբոլասեր:

«Ամեն ինչ հրաշալի էր: Ամեն ինչ անցավ սպասվածի պես: Երկրպագուները հաղորդեցին ինձ մոտիվացիա: Կարծում եմ՝ մարզավիճակս լավացել է: Ես շնորհակալ եմ թիմին այս շանսի համար:

Հրաշալի է դուրս գալ խաղադաշտ եւ խաղալ պրոֆեսիոնալ ֆուտբոլ: Խաղացողներն ընդունեցին ինձ: Փորձում են մարզումներին ինձ տարբեր հնարքներ սովորեցնել, ինչը ներշնչում է ինձ շարժվել առաջ»,- Բոլթի խոսքը մեջբերում է ավստրալական ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Ուսեյն Բոլթն ավարտել է աթլետի կարիերան։ Նա 6 շաբաթ փորձաշրջան էր անցել ավստրալական թիմում եւ կնքել պայմանագիր։ Դրանից առաջ Բոլթը մարզումներ էր անցկացրել Դորտմունդի «Բորուսիայում» եւ նորվեգական «Ստրյոմսգոդսետում», որի կազմում մասնակցել էր նաեւ մեկ ընկերական հանդիպման:

«Սենթրալ Քոսթ Մարիներսը» հանդես է գալիս Ավստրալիայի բարձրագույն դիվիզիոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում