Բուքմեյքերական գրասենյակները ցածր են գնահատում Երեւանի «Ալաշկերտի» ու «Փյունիկի» շանսերը Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղերում:
«Մաքաբի Թել Ավիվ» - «Փյունիկ» Իսրայելում կայանալիք խաղում դաշտի տերերի հաղթանակը գնահատվում է 1.22 գործակցով, իսկ հայկական ակումբինը՝ 15.00: Ոչ ոքիի գործակիցը 5.50 է:
«Ալաշկերտի» եւ «Կլուժի» միջեւ Ռումինիայում անցկացվելիք խաղում հայկական ակումբի հաղթանակը ստացել է 12.00 գործակից, ռումինացիներինը՝ 1.30, իսկ ոչ ոքին՝ 4.75:
2 հանդիպումներն էլ կկայանան օգոստոսի 16-ին: «Կլուժ» - «Ալաշկերտ» խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 21:00-ին, իսկ «Մաքաբի» - «Փյունիկ» հանդիպումը՝ 21:30-ին:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ալաշկերտը» տնային պարտություն է կրել 0:2 հաշվով, իսկ «Փյունիկը» բավարարվել է գոլազուրկ ոչ ոքիով:
«Մաքաբիի» արգելքը հաղթահարելու դեպքում «Փյունիկը» որակավորման վերջին փուլում կհանդիպի նորվեգական «Սարպսբորգի» եւ խորվաթական «Ռիեկայի» դիմակայության հաղթողի հետ:
«Ալաշկերտի» ու Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» դիմակայության հաղթողի հաջորդ մրցակիցը կլինի լեհական «Լեգիայի» (Վարշավա) ու Լյուքսեմբուգի «Դյուդելանժի» միջեւ դիմակայության հաղթողը:
Ֆոտո՝ «Փյունիկի» մամուլի ծառայություն
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում