11:45  +04,  10 օգոստոսի, 2018

Արթուր Ալեքսանյանի անվան դպրոցի խարխուլ վիճակն ու նորոգման անկատար խոստումները (ֆոտո)

Գյումրիի Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցի վերակառուցումը դեռ չի մեկնարկել: 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանյանի հաղթանակից հետո այս մարզադպրոցը  դարձել էր հասարակության քննարկման թեման: Պարբերաբար համացանցում հայտնվում էին տեսանյութեր, լուսանկարներ դպրոցի կիսաքանդ շենքի, հնամաշ մարզագույքի մասին:

Կիսախարխուլ մարզադպրոցը գտնվում է մի քանի շենքերի արանքում, կենտրոնական փողոցներից հեռու: Այն, որ դպրոցն Արթուր Ալեքսանյանի անվան է, հուշում է միայն մեկ շատ փոքր ցուցատախտակը՝ դպրոցի ճակատային մասում փակցված: Մարզադպրոցի փոխտնօրեն Խաչիկ Բաղդասարյանի փոխանցմամբ, մարզադպրոցը նախկինում եղել է միջնակարգ դպրոցի շենք:

«Փոքր տարիքից Արթուր Ալեքսանյանն այստեղ է մարզվել: Այստեղ են եղել նրա առաջին հաջողություններն ըմբշամարտում: Երբ Արթուր Ալեքսանյանն առաջին անգամ  դարձավ աշխարհի չեմպիոն, հնչեցին խոստումներ, որ այս մարզադպրոցը կվերանորոգվի, կվերակառուցվի: Տարիներն անցան, Արթուր Ալեքսանյանը դարձավ օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն, 4 անգամ նաեւ Եվրոպայի չեմպիոն, բայց մարզադպրոցն այդպես էլ չվերանորոգվեց»,- ասաց մարզադպրոցի փոխտնօրենը:

Խաչիկ Բաղդասարյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ շրջեց մարզադպրոցում,  որի ներքին վիճակը ներկայացնելուն զուգահեռ գյումրեցուն բնորոշ հումորով պատմեց, թե քանի անգամ են մասնագետներ եկել, ուսումնասիրել մարզադպրոցը, գծագրեր կազմել, նախահաշիվներ արել եւ հեռացել՝ անվերադարձ:

«Այս մարզադպրոցը սաների պակաս չունի, յուրաքանչյուր 10-ից 9-ը ցանկանում է այստեղ մարզվել՝ ասելով՝ «Ես ուզում եմ դառնալ Արթուր Ալեքսանյան»: Միայն այն փաստը, որ այստեղ մարզվում է մեր չեմպիոնը, արդեն սիրված է ըմբշամարտով զբաղվել ցանկացող երեխաների համար: Նույնիսկ այս անմխիթար վիճակը շատ հաճախ երեխաներին, նաեւ ծնողներին չի վախեցնում, շատ քիչ դեպք է եղել, որ ծնողը երեխային բերել է եւ մեր պայմանները տեսնելով հրաժարվել երկրոդ անգամ բերելուց: Սիրով են մարզվում մեր մարզադպրոցում, այս մարզադպրոցը շատ չեմպիոններ է տվել եւ շարունակում է տալ: Բայց բոլորիս համար ցավալի է, որ օլիմպիական չեմպիոնի անունը կրող մարզադպրոցն այս վիճակում է»,- նշեց Խաչիկ Բաղդասարյանը:

Մարզադպրոցի վերանորոգման հարցը տարբեր տարիներին քննարկվել է: Տարբեր առիթներով դպրոցը հիմնովին վերանորոգելու խոստում է տվել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ պայմանով, որ դպրոցը կվերանվանվի Արթուր Ալեքսանյանի պատվին, ինքն էլ իր հերթին կվերանորոգի: Մարզադպրոցն անվանակոչվեց օլիմպիական չեմպիոնի անունով, սակայն Գագիկ Ծառուկյանի հրապարակային խոստումն այդպես էլ մնաց «օդում»:  Եվս մեկ հայտարարությամբ հանդես եկավ ՀԱՕԿ նախագահը Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո՝ 2016 թվականին, օլիմպիական մեդալակիների պարգեւատրման արարողության ժամանակ: Այդ ժամանակ վերանորոգելու հարցում աջակցելու խոստումով հանդես եկավ նաեւ ըմբշամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ Սամվել Կարապետյանը: Ապա երկրի իշխանությունը հանձն առավ բյուջեից գումար տրամարդել մարզադպոցի վերակառուցման համար, սակայն դա տեղի չունեցավ:

«Ժամանակին մարզադպրոցը վերանորոգելու համար հայտարարվեց նախագծման մրցույթ, որը 2 մլն դրամի առաջարկով շահեց Վանաձորի «Վաննախ» կազմակերպությունը: Կազմվեցին  նախագծանախահաշվարկային փաստաթղթեր եւ որոշում կայացվեց, որ վերանորգման համար նախագծային աշխատանքներ իրականացնելու նպատակով պետական բյուջեից 2017 թվականին կհատկացվի գումար, սակայն գումար այդպես էլ չտրամադրվեց: Ըստ նախագծի՝ ոչ թե նոր դպրոց պետք է կառուցվեր, այլ նախատեսվում էր հիմնանորոգել հինը, որոշ կից շինություններ էլ կառուցել ամբողջությամբ»,- մանրամասնեց մարզադպրոցի փոխտնօրենը:

Սպորտի նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանն անցած տարի հայտարարել էր, որ «ամենաուշը մինչեւ դեկտեմբեր կհաստատվի մարզադպրոցի տեղում ըմբշամարտի կենտրոնի կառուցման նախագիծը եւ շատ արագ կսկսվեն աշխատանքները»:

2018 թվականն արդեն հատել է տարվա երկրորդ կեսը, բայց վերոնշյալ խոստումներից եւ նախագծերից, համաձայնություններից ու որոշումներից որեւէ մեկն այդպես էլ չի իրականացել: Մարզադպրոցի սաները, այդ թվում եւ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը շարունակում են մարզվել կիսաքանդ մարզադահլիճում, փոշու եւ անտանելի գարշահոտության մեջ, հնամաշ մարզագույքով, փլուզվոց պատերի ու տանիքի ներքո:  

«Մարզադպրոցում վերջին անգամ 1997 թվականին են կատարվել աշխատանքներ՝ այն էլ զուտ ներկման: Շուրջ 250 հազար դոլար գումար է անհրաժեշտ մարզադպրոցը վերանորոգելու համար: Շատ կուզեինք, որ մեր օլիմպիական չեմպիոնն իր անվանն ու նվաճումներին համարժեք դպրոց ունենար»,- ամփոփեց փոխտնօրեն Խաչիկ Բաղդասարյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
Loading...
  • Հարցում
Քվեարկել են (10)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ
Loading...