11:07  ,  31 հուլիսի, 2018

«Փյունիկ» - «Տոբոլ». ՖԱՖ-ը միասնական երթով կուղեւորվի ստադիոն

Երկրպագուների ՖԱՖ շարժումը Երեւանի «Փյունիկի» ու ղազախական «Տոբոլին» միջեւ Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղից առաջ Երեւանի «Հանրապետական» ստադիոն կուղեւորվի երկրպագուների միասնական երթով։ Այդ մասին նշվում է շարժման հայտարարությունում։

«ՖԱՖ-ը երեւանյան խաղերին կաջակցի հայկական ակումբներին՝ պատմական արդյունքի հասնելու համար։

«Փյունիկ» - «Տոբոլ» խաղին ՖԱՖ-ը կլինի Արեւելյան տրիբունայում։ Հուլիսի 31-ին՝ 18։00-ից՝ հավաքվում ենք Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ։ 18։45 միասին կշարժվենք մարզադաշտ»,- ասվում է հայտարարությունում:

Հուլիսի 31-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղը կսկսվի ժամը 20:00-ին: Հանդիպումը կսպասարկի չեխ մրցավար Պետր Արդելեանուն, որին եզրերում կօգնեն նրա հայրենակիցներ Յիրի Մոլաչեկն ու Յակուբ Հրաբովսկին:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Փյունիկը» պարտվել է 1:2 հաշվով: Պատասխան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին: Մուտքն ազատ է: Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվի» եւ սերբական «Ռադնիչկիի» դիմակայության հաղթողի հետ։

Եվրագավաթներում հայկական ակումբները երբեք չեն հաղթահարել որակավորման երկրորդ փուլի արգելքը:

Ֆոտո՝ «Փյունիկի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով