13:57  ,  30 հուլիսի, 2018

Սեւանում բացվել է հաշմանդամների համար մարզական լողափ (ֆոտո)

Սեւանում բացվել է հաշմանդամների համար հատուկ լողափ՝ ջրային մարզաձեւերով զբաղվելու հնարավորությամբ:

«Հայկական ճամբար» լողափը գտնվում է Սեւանա լճի Արտանիշ թերակղզում: Այս ճամբարում հնարավորություն ունեն իրենց ամառային օրերն անցկացնել միանգամից շուրջ 100 հաշմանդամություն ունեցող անձինք: Լողափը հարմարեցված է անվասայլակներով եւ շարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար: Այստեղ կան հատուկ թեքահարթակներ, ջրային մարզագույք եւ այլն: Ճամբարում ստեղծված են բոլոր պայմանները հաշմանդամություն ունեցող անձանց ջրային մարզաձեւերով զբաղվելու, հետագայում նաեւ ամառային Պարալիմպիկ խաղերում Հայաստանի ներկայացուցիչը դառնալու համար: Լողափը մասնագիտացված է մի քանի ջրային մարզաձեւերի ուղղությամբ՝ առագաստանավային սպորտ, կանոե, յախտինգ, լող եւ դայվինգ: Ճամբարը ձեռք է բերել հաշմանդամների համար հատուկ մասնագիտացված մարզագույք նախնական մարզումները սկսելու համար:

Հաշմանդամներին ջրային մարզաձեւերով մարզվելու հնարավորություն տալու եւ հատուկ նախատեսված լողափ ստեղծելու մտահղացումը հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայինն է:

Ֆեդերացիայի նախագահ Սամվել Ռոստոմյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, թե ինչ նպատալով է ստեղծվել «Հայկական ճամբարը» եւ ինչ ծրագրեր կան հաշմանդամային սպորտը Հայաստանում զարգացնելու ուղղությամբ:

«Հաշմանդամային սպորտի ջրային մարզաձեւերով զբաղվելու հնարավորություն Հայաստանում այդքան էլ չունեինք: Երկար ժամանակ տարբեր փորձեր արվել են, բայց միջազգային մրցահարթակում միայն լող մարզաձեւից ենք ունեցել ներկայացուցիչներ, ջրային մյուս մարզաձեւերով զբաղվելու պայման, տեղ ու հնարավորություն հաշմանդամություն ունեցող անձինք չեն ունեցել: «Հայկական ճամբարը» միայն գաղափար չէ, որ կյանքի կոչվեց, փորձը բերեց այս նախագիծն իրականանություն դարձնելուն: Ինքս երկար տարիներ աշխատում եմ հաշմանդամություն ունեցող մարզիկների հետ: Դեռ 90-ականներից պատրաստել եմ մարզիկներ, մասնակցել ենք երկու Պարալիմպիկ խաղերի, հաշմանդամային սպորտի աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների: Երկար տարիների աշխատանքից, փորձ ձեռք բերելուց հետո որոշվեց Հայաստանում ստեղծել մի վայր, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորություն կունենան մարզվել իրենց նախընտրած ջրային ձեւերով: Այժմ մենք ունենք ենթակառուցվածքներ եւ որոշակի մարզագույք, որով հաշմանդամները կարող են սպորտով զբաղվել: 

Ամեն ինչ անում ենք, որ հաշմանդամություն ունեցող անձինք եւս անմասն չմնան սպորտից, ջրային մարզաձեւերից, մրցակցությունից: Արդեն առագաստանավային սպորտում Պարալիմպիկ խաղերում մասնակցության փորձ ունենք եւ, հույս ունեմ, որ մի քանի տարի անց կրկին կարող ենք հայտ ներկայացնել Պարալիմպիկ խաղերում:

Այստեղ աշխատելու են մարզիչներ, ես ինքս էլ իմ փորձը կփոխանցեմ մարզվողներին, ունենք նաեւ մի խումբ երիտասարդներ, ովքեր հաճույքով պատրաստ են աշխատել հաշմանդամություն ունեցող մարզիկների հետ: Դեռ սկսելու ենք սիրողական մարզումներից, հետագայում արդեն լուրջ մարզումների համար կլինի մասնագիտական մարզագույքի անհրաժեշտություն»,- ասաց Սամվել Ռոստոմյանը:

Ֆեդերացիայի նախագահի փոխանցմամբ, «Հայկական ճամբարը» սկսկի գործել օգոստոսի 1-ից, հարյուրավոր հաշմանդամներ եւ միասին կապրեն եւ կմազրվեն ճամբարում: Ի դեպ, հաշմանդամություն ունեցող անձանց համար «Հայկական ճամբարում» ապրելն ու մարզվելն անվճար է, իսկ մյուսների համար՝ օրական 15 հազար դրամ:

Անդրադառնալով Հայաստանում սպորտային կառույցների եւ Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեի հետ համատեղ աշխատանքին, հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերադիայի նախագահը նշեց, որ այդ համագործակցություն չկա:

«Փորձում ենք համագործակցություն ձեռք բերել Հայաստանի սպորտի նախարարության հետ, փորձում ենք նախարարության հետ զարգացնել բոչյա մարզաձեւը: Դեռ նախնական պայմանավորվածություններ կան, իսկ թե ինչպես կլինի բուն աշխատանքը, ցույց կտա ժամանակը: Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեին, ապա հարաբերություններն այդ կառույցի հետ առանձնապես լավ չեն: Կարծում եմ՝ մեր խնդիրները մի քիչ այլ են: Մրցակցություն այս երկու կառույցների միջեւ չի կարող լինել, քանի որ մեր ֆեդերացիան այլ մարզաձեւերով է զբաղվում, իսկ նրանց գործառույթն այլ է: Ուրախ կլինեմ միայն, որ Պարալիմպիկ խաղերի տարիներին կարողանամ մեր մարզիկներին փոխանցել կոմիտեին, որպեսզի նրանք հնարավորություն ունենան դուրս գալ մրցասպարեզ»,- նշեց Սամվել Ռոստոմյանը:

«Հայկական ճամբարի» բացումն իրականացվեց մեծ շուքով, ներկա էին Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ, հաշմանդամություն ունեցող տարբեր տարիքի անձնինք, ջրային մարզաձեւերի սիրահարներ: Ճամբարում ամեն պայման ստեղծված է հաշմադամների կատարյալ հանգստի, լողալու, սպորտով զբաղվելու, ճաշելու, խարույկի մոտ երեկոներ անցկացնելու եւ նույնիսկ համերգներ վայելելու համար: Ճամբարում հաշմանդամները տեղաշարվելու խնդիր չունեն կացարաններից մինչեւ լողափ, եւ նույնիսկ ինքնուրույն ջուրը մտնելու համար, քանի որ թեքահարթներ կան նույնիսկ ջրի վրա:

«Հայկական ճամբարի» բացմանը ներկա հաշմանդամների համար սեփական լողափ ունենալն իսկական տոն էր: Չնայած կիզիչ արեւին, հաշմանդամները մինչեւ երեկո չհեռացան լողափից, պարբերաբար լողում էին ու շրջում առագաստանավով:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում