13:57 30 հուլիսի, 2018Սեւանում բացվել է հաշմանդամների համար հատուկ լողափ՝ ջրային մարզաձեւերով զբաղվելու հնարավորությամբ:
«Հայկական ճամբար» լողափը գտնվում է Սեւանա լճի Արտանիշ թերակղզում: Այս ճամբարում հնարավորություն ունեն իրենց ամառային օրերն անցկացնել միանգամից շուրջ 100 հաշմանդամություն ունեցող անձինք: Լողափը հարմարեցված է անվասայլակներով եւ շարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար: Այստեղ կան հատուկ թեքահարթակներ, ջրային մարզագույք եւ այլն: Ճամբարում ստեղծված են բոլոր պայմանները հաշմանդամություն ունեցող անձանց ջրային մարզաձեւերով զբաղվելու, հետագայում նաեւ ամառային Պարալիմպիկ խաղերում Հայաստանի ներկայացուցիչը դառնալու համար: Լողափը մասնագիտացված է մի քանի ջրային մարզաձեւերի ուղղությամբ՝ առագաստանավային սպորտ, կանոե, յախտինգ, լող եւ դայվինգ: Ճամբարը ձեռք է բերել հաշմանդամների համար հատուկ մասնագիտացված մարզագույք նախնական մարզումները սկսելու համար:
Հաշմանդամներին ջրային մարզաձեւերով մարզվելու հնարավորություն տալու եւ հատուկ նախատեսված լողափ ստեղծելու մտահղացումը հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայինն է:
Ֆեդերացիայի նախագահ Սամվել Ռոստոմյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, թե ինչ նպատալով է ստեղծվել «Հայկական ճամբարը» եւ ինչ ծրագրեր կան հաշմանդամային սպորտը Հայաստանում զարգացնելու ուղղությամբ:
«Հաշմանդամային սպորտի ջրային մարզաձեւերով զբաղվելու հնարավորություն Հայաստանում այդքան էլ չունեինք: Երկար ժամանակ տարբեր փորձեր արվել են, բայց միջազգային մրցահարթակում միայն լող մարզաձեւից ենք ունեցել ներկայացուցիչներ, ջրային մյուս մարզաձեւերով զբաղվելու պայման, տեղ ու հնարավորություն հաշմանդամություն ունեցող անձինք չեն ունեցել: «Հայկական ճամբարը» միայն գաղափար չէ, որ կյանքի կոչվեց, փորձը բերեց այս նախագիծն իրականանություն դարձնելուն: Ինքս երկար տարիներ աշխատում եմ հաշմանդամություն ունեցող մարզիկների հետ: Դեռ 90-ականներից պատրաստել եմ մարզիկներ, մասնակցել ենք երկու Պարալիմպիկ խաղերի, հաշմանդամային սպորտի աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների: Երկար տարիների աշխատանքից, փորձ ձեռք բերելուց հետո որոշվեց Հայաստանում ստեղծել մի վայր, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորություն կունենան մարզվել իրենց նախընտրած ջրային ձեւերով: Այժմ մենք ունենք ենթակառուցվածքներ եւ որոշակի մարզագույք, որով հաշմանդամները կարող են սպորտով զբաղվել:
Ամեն ինչ անում ենք, որ հաշմանդամություն ունեցող անձինք եւս անմասն չմնան սպորտից, ջրային մարզաձեւերից, մրցակցությունից: Արդեն առագաստանավային սպորտում Պարալիմպիկ խաղերում մասնակցության փորձ ունենք եւ, հույս ունեմ, որ մի քանի տարի անց կրկին կարող ենք հայտ ներկայացնել Պարալիմպիկ խաղերում:
Այստեղ աշխատելու են մարզիչներ, ես ինքս էլ իմ փորձը կփոխանցեմ մարզվողներին, ունենք նաեւ մի խումբ երիտասարդներ, ովքեր հաճույքով պատրաստ են աշխատել հաշմանդամություն ունեցող մարզիկների հետ: Դեռ սկսելու ենք սիրողական մարզումներից, հետագայում արդեն լուրջ մարզումների համար կլինի մասնագիտական մարզագույքի անհրաժեշտություն»,- ասաց Սամվել Ռոստոմյանը:

Ֆեդերացիայի նախագահի փոխանցմամբ, «Հայկական ճամբարը» սկսկի գործել օգոստոսի 1-ից, հարյուրավոր հաշմանդամներ եւ միասին կապրեն եւ կմազրվեն ճամբարում: Ի դեպ, հաշմանդամություն ունեցող անձանց համար «Հայկական ճամբարում» ապրելն ու մարզվելն անվճար է, իսկ մյուսների համար՝ օրական 15 հազար դրամ:
Անդրադառնալով Հայաստանում սպորտային կառույցների եւ Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեի հետ համատեղ աշխատանքին, հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերադիայի նախագահը նշեց, որ այդ համագործակցություն չկա:
«Փորձում ենք համագործակցություն ձեռք բերել Հայաստանի սպորտի նախարարության հետ, փորձում ենք նախարարության հետ զարգացնել բոչյա մարզաձեւը: Դեռ նախնական պայմանավորվածություններ կան, իսկ թե ինչպես կլինի բուն աշխատանքը, ցույց կտա ժամանակը: Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեին, ապա հարաբերություններն այդ կառույցի հետ առանձնապես լավ չեն: Կարծում եմ՝ մեր խնդիրները մի քիչ այլ են: Մրցակցություն այս երկու կառույցների միջեւ չի կարող լինել, քանի որ մեր ֆեդերացիան այլ մարզաձեւերով է զբաղվում, իսկ նրանց գործառույթն այլ է: Ուրախ կլինեմ միայն, որ Պարալիմպիկ խաղերի տարիներին կարողանամ մեր մարզիկներին փոխանցել կոմիտեին, որպեսզի նրանք հնարավորություն ունենան դուրս գալ մրցասպարեզ»,- նշեց Սամվել Ռոստոմյանը:
«Հայկական ճամբարի» բացումն իրականացվեց մեծ շուքով, ներկա էին Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ, հաշմանդամություն ունեցող տարբեր տարիքի անձնինք, ջրային մարզաձեւերի սիրահարներ: Ճամբարում ամեն պայման ստեղծված է հաշմադամների կատարյալ հանգստի, լողալու, սպորտով զբաղվելու, ճաշելու, խարույկի մոտ երեկոներ անցկացնելու եւ նույնիսկ համերգներ վայելելու համար: Ճամբարում հաշմանդամները տեղաշարվելու խնդիր չունեն կացարաններից մինչեւ լողափ, եւ նույնիսկ ինքնուրույն ջուրը մտնելու համար, քանի որ թեքահարթներ կան նույնիսկ ջրի վրա:
«Հայկական ճամբարի» բացմանը ներկա հաշմանդամների համար սեփական լողափ ունենալն իսկական տոն էր: Չնայած կիզիչ արեւին, հաշմանդամները մինչեւ երեկո չհեռացան լողափից, պարբերաբար լողում էին ու շրջում առագաստանավով:
Լուսինե Շահբազյան


The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.