15:33  ,  6 հուլիսի, 2018

Ազատության հրապարակում բացվեց ֆուտբոլային ֆան-գոտին (NEWS.am Sport Live, ֆոտո)

Երեւանի Ազատության հրապարակում բացվեց ֆուտբոլային ֆան-գոտին (NEWS.am Sport Live)։ Երկրպագուները հնարավորություն կունենա դիտելու ԱԱ-2018-ի քառորդ եզրափակիչի հանդիպումները:

Խաղերը անմիջապես Ազատության հրապարակում կմեկնաբանեն ռուս հայտնի մարզական մեկնաբաններ Կոստանտին Գենիչը, Միխայիլ Պոլենովը և Ռոման Գուտցայտը:

ֆան գոտում կլինեն մեծ էկրաններ, խաղերի դիտում, մրցույթներ, ֆոտո անկյուն, DJ-ների ելույթներ: Կերգի ռուս հայտնի երգչուհի Վերա Բրեժնեւան:

Ֆան գոտին գործելու է Երեւանում կայանալիք լեգենդար ֆուտբոլիստների խաղին նվիրված միջոցառումների շրջանակում: Այդ հանդիպումը տեղի է ունենալու հուլիսի 8-ի Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Սկսվելու է 17:45-ին: Միմյանց դեմ մրցելու են Լատինական Ամերիկայի եւ Եվրոպայի հավաքականները:

Լատինական Ամերիկան կներկայացնեն Ռոբերտո Կարլոսը, Ռիվալդոն, Էրնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտան, Դիդան, Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Ալդաիրը, Անտոնիո Զագոն, Ժուլիո Սեզարը, Ֆրանցիսկո Լիման, Իվան Կորդոբան, Կարլոս Վալդեմարան, Իվան Սամորանոն, Դուեյն դե Ռոզարիոն, Էվերսոն Պարեյրա դա Սիլվան, Խավիեր Ձանետին, Բեբետոն:

Եվրոպայի հավաքականում հանդես կգան Լուիշ Ֆիգուն, Պաոլո Մալդինին, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանենը, Հրիստո Ստոիչկով, Կախա Կալաձեն, Ռայան Գիգզը, Լյուդովիկ Ժուլին, Դեմետրիո Ալբերտինին, Վենսան Կանդելան, Բենիտո Կարբոնեն, Լեւան Կոբիաշվիլին, Մարկո Շիմիչը, Ռայան Գիգզը, Լուիջի դի Բիաջոն, Միգել Անխելը, Թոմաս Հելֆեգը, Սալվատորե Սկիլաչին, Լոթար Մաթեուսը, Ռոբեր Պիրեսը, Քրիսթով Դյուգարին:

Հանդիպմանը մասնակցելու է նաեւ Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ, այժմ հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին:

Հուլիսի 8-ին «Հանրապետականում» կայանալիք խաղից առաջ ցանկացողներին հնարավորություն կընձեռվի հանդիպելու եւ լուսանկարվելու լեգենդար ֆուտբոլիստների հետ: Կազմակերպիչները թողարկել են սահմանափակ քանակությամբ վկայականներ: Այն ձեռք բերելու պահին անձը կստանա իր նախընտրած ֆուտբոլիստի անվանական մարզաշապիկը, որի վրա տվյալ անձի հետ հանդիպման ժամանակ կստորագրի հենց իր նախընտրած լեգենդը, ինչպես նաեւ կլուսանկարվի նրա հետ:

Վկայականն արժի 100 000 դրամ: 1 վկայականը հնարավորություն է տալիս հանդիպելու ֆուտբոլիստներից մեկի հետ: Այդ կարգով երկրպագուները կկարողանան հանդիպել Պաոլո Մալդինիի, Ռայան Գիգզի, Յուրի Ջորկաեֆի, Լուիշ Ֆիգուի, Ռոբերտո Կարլոսի, Ռիվալդոյի, Բատիստուտայի, Էրնան Կրեսպոյի, Կաֆուի եւ Դիդայի հետ:

Միջոցառման կազմակերպիչը «Երեւան» ակումբի սեփականատեր, ռուսաստանցի գործարար Արթուր Սողոմոնյանն է: 2015 թ. հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակի կապակցությամբ «Հանրապետականում» կայացավ լեգենդների հանդիպումը: Աշխարհի հավաքականը մրցեց ԽՍՀՄ հավաքականի դեմ: Մրցավեճն ավարտվեց 3:3 հաշվով:

Երեւանում բացված ֆան գոտին կգործի հուլիսի 6-ին եւ 7-ին։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news