12:20  ,  21 հունիսի, 2018

Ռոստովի հայ երիտասարդների անակնկալն ուրուգվայցի երկրպագուների համար (ֆոտո)

Դոնի Ռոստովի հայ երիտասարդներն անակնկալ էին պատրաստել Հայոց ցեղասպանութունն առաջինն ընդունած Ուրուգվայի երկրպագուների համար: Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության համար Ռոստով ժամանած ուրուգվայցի երկրպագուներին հայաշատ քաղաքում սպասում էր Ուրուգվայի դրոշը, որի վրա հետեւյալ գրառումն էր. «Շնորհակալություն, Ուրուգվայ Հայոց ցեղասպանութունն առաջինն ընդունելու համար»:

Դոնի հայ երիտասարդական միության ղեկավար Գեւորգ Գրիգորյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դրոշը մեծ արձագանք է գտել ուրուգվայցի երկրպագուների շրջանում:

«Դրոշ պատրաստելու գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ իմացանք, որ Ուրուգվայի հավաքականը խաղալու է Դոնի Ռոստովում: Քանի որ Ուրուգվայն առաջինն է ընդունել Հայոց ցեղասպանությունը, որոշեցինք կազմակերպել հետաքրքիր ակցիա: Այս կերպ մեր շնորհակալությունը հայտնեցինք Ուրուգվային: Ուրուգվայի երկրպագուների շրջանում այս դրոշը ստացել է շատ հաճելի արձագանք: Տեսնելով դրոշը՝ նրանք շատ են ուրախանում եւ ցանկանում լուսանկարվել: Մենք նրանց խնդրում ենք լուսանկարները սոցցանցերում հրապարակել Gracias Uruguay հեշթեգով եւ տարածել այս ակցիան»,- զրույցում նշեց Գեւորգ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի երկրորդ տուրում Ուրուգվայի հավաքականը նախօրեին Դոնի Ռոստովում նվազագույն հաշվով հաղթեց Սաուդյան Արաբիայի թիմին եւ, վաստակելով 6 միավոր, ռուսների պես A խմբից ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր: Վերջին տուրում Ուրուգվայի եւ Ռուսաստանի հավաքականները կորոշեն խմբի հաղթողին:

Դա Դոնի Ռոստովում նախատեսված ԱԱ-2018-ի 4 խաղերից երկրորդն էր: Նորակառույց «Ռոստով Արենա» ստադիոնում տեղի կունենան նաեւ Հարավային Կորես – Մեքսիկա (հունիսի 23) եւ Իսլանդիա – Խորվաթիա (հունիսի 26) հանդիպումներ:

Դավիթ Եղիազարյան՝ Դոնի Ռոստովից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով