09:10  ,  8 հունիսի, 2018

Դավիթ Արշակյանը՝ ՄԼՍ-ում եւ Դանիայում մրցելույթների, Շվայնշտայգերի եւ Հայաստանի հավաքականի մասին (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի թեկնածու, դանիական «Վայլեից» հեռացած Դավիթ Արշակյանի հետ զրուցել է NEWS.am Sport-ի թղթակիցը: 23-ամյա ֆուտբոլիստը պատմել է Լիտվայի «Տրակայում» եւ ամերիկյան «Չիկագո Ֆայրում» մրցելույթների, աշխարհի չեմպիոն Բաստիան Շվայնշտայգերի հետ ծանոթանալու մասին: Նա նաեւ հայտնել է, որ ցանկանում է վերադառնալ Հայաստանի հավաքական, որի կազմում նորամուտը նշել էր Դանիայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղում:

Դավիթ, դու պետերբուրգյան ֆուտբոլային դպրոցի սան ես, պրոֆեսիոնալ մակարդակում առաջին քայլերդ արել ես Երեւանի «Միկայում», սակայն ներուժդ ամբողջությամբ բացահայտեցիր Լիտվայի առաջնությունում: «Տրակայում» անցկացրած երկու մրցաշրջանում 39 գոլ խփեցին: Ինչո՞վ է հիշվել Լիտվայի առաջնությունը:

Իմ կարիերայի լիտվական փուլը հիշում եմ միայն դրական երանգներով: Դա այն պահն է, երբ ինձ հավատացին եւ տրամադրեցին խաղաժամանակ, իսկ ես ինձ զգացի որպես իսկական ֆուտբոլիստ: Բայց իհարկե անհրաժեշտ էր շարժվել առաջ, քանի որ Լիտվայի առաջնությունն ուժեղագույններից չէ:

Լիտվայում ունեցած հաջող մրցելույթների շնորհիվ քեզ նկատեց ամերիկյան «Չիկագո Ֆայրի» գլխավոր մարզիչ Վելկո Պաունովիչը, որը քեզ հրավիրեց ՄԼՍ: Պատմիր կարիերայիդ ամերիկյան փուլի մասին: Դա մեծ քայլ էր առաջ, սակայն քեզ չհաջողվեց ամրապնդվել «Չիկագո Ֆայրի» կազմում:

Կարող եմ ասել, որ ինձ խոստացան մի բան, իսկ իրականությունն այլ էր: Սկզբում ես խաղում էի, բայց հետո բերեցին հայտնի խաղացողների եւ իմ մասին մոռացան: Ես մինչեւ վերջ պայքարեցի կազմում տեղ ունենալու համար, սակայն խաղադաշտ դուրս գալու որևէ շանս չէին տրամադրում ինձ: Այդ ամենի հետևանքով ես եւ ընտանիքս ստիպված էինք ինքներս գնել իմ տրանսֆերային իրավունքը, քանի որ նրանք չէին ցանկանում ինձ բաց թողնել: Մենք մեծ գումար վճարեցինք՝ միայն թե ես խաղալու հնարավորություն ունենամ:

Ի՞նչ տվեց քեզ «Բավարիայի», «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Բաստիան Շվայնշտայգերի հետ հաղորդակցվելու եւ մարզվելու փորձը: Շարունակո՞ւմ եք հաղորդակցվել:

Բաստիանը չեմպիոն է, մեծատառով պրոֆեսիոնալ, իր գործի վարպետ: Հաղորդակցվել ենք հարգանքով, որպես ակումբակիցներ: Մեր ընդհանուր ծանոթն է Հենրիխ Մխիթարյանը, եւ դա առիթ էր Մխիթարյանի եւ հավաքականի մասին նրա հետ զրուցելու համար:

Ֆուտբոլից բացի, ինչպիսի՞ն էր կյանքը Չիկագոյում:

Չիկագոն հրաշալի քաղաք է: Կյանքը եռում է, կան բոլոր զվարճանքները: Բայց ամերիկյան մտածելակերպն իմ սրտով չէր: Մարդիկ այլ են, անկեղծ չեն, դիմակներով են:

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ դու տեղափոխվեցիր դանիական «Վայլե», որը նվաճեց Դանիայի Բարձրագույն լիգայի ուղեգիր: Ինչպե՞ս է անցնում «Վայլեում» հարմարվելու գործընթացը եւ ի՞նչ ծրագրեր ունես նոր թիմում:

Ես հեռացա «Վայլեից»՝ չերկարաձգելով պայմանագիրը: Առայժմ պատրաստ չեմ մեկնաբանել այդ հարցը:

«Վայլեի» հետ ձմռանը դու մասնակցեցիր մարզումային հավաքի, իսկ ստուգողական խաղերից մեկում գրավեցիր Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դարպասը: Այդ գոլը քեզ համար ունե՞ր առանձնահատուկ նշանակություն` հաշվի առնելով, որ դու «Զենիթի» ակադեմիայի սան ես:

Այո, ես «Զենիթի» սան եմ եւ կարեւոր էր հնարավորությունների առավելագույնը ցուցադրել նրանց դեմ խաղում, չնայած որ հանիպումն ընկերական բնույթ էր կրում: Հաճելի էր գոլ խփել, չեմ թաքցնում:

2016թ. սեպտեմբերին դու նորամուտը նշեցիր Հայաստանի հավաքականում, սակայն դրանից հետո չխաղացիր ազգային թիմում: Հավաքականի հետ կապված ի՞նչ նպատակներ ունես: Զրուցե՞լ  ես Վարդան Մինասյանի հետ:

Ես ցանկանում եմ խաղալ Հայաստանի հավաքականում: Գիտեմ, որ դրան կհասնեմ, եթե համառորեն աշխատեմ եւ ավելի հաճախ խաղամ: Վարդան Մինասյանի հետ չեմ խոսել:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով