19:53  ,  3 հունիսի, 2018

Նեյմարի վերադարձը, գոլն ու Բրազիլիայի հաղթանակը (տեսանյութ)

Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը պատրաստվող Բրազիլիայի եւ Խորվաթիայի հավաքականներն ընկերական հանդիպում անցկացրին Լիվերպուլի «Էնֆիլդ» ստադիոնում: 2:0 հաշվով հաղթանակ տարավ Բրազիլիայի թիմը գլխավոր մարզիչ Տիտեի ղեկավարությամբ (տեսանյութ):

ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը վնասվածքի եւ վիրահատության հետեւանքով մոտ երեք ամսվա դադարից հետո վերադարձավ խաղադաշտ: Նա փոխարինման դուրս եկավ 46-րդ րոպեին եւ գոլի հեղինակ դարձավ 69-րդ րոպեին «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի փոխանցումից հետո: Ավելացված չորրորդ րոպեին աչքի ընկավ Ռոբերտո Ֆիրմինոն: «Լիվերպուլի» հարձակվողն օգտագործեց «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոյի փոխանցումը:

Աշխարհի առաջնության E խմբում Բրազիլիայի մրցակիցները կլինեն Շվեյցարիան, Կոստա Ռիկան ու Սերբիան, իսկ Խորվաթիան D խմբում կմրցի Արգենտինայի, Իսլանդիայի եւ Նիգերիայի հետ:

Ընկերական հանդիպում

Բրազիլիա - Խորվաթիա՝ 2:0

Նեյմար, 69, Ռոբերտո Ֆիրմինո, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news