12:16  +04,  3 հունիսի, 2018

ԱԱ-2018. «Լուժնիկին»՝ NEWS.am Sport-ի դիտակետից

Հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանում կանցկացվի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը՝ Արեւելյան Եվրոպայում առաջին անգամ: Հանդիպումները կընդունեն Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Կազանի, Սոչիի, Նիժնի Նովգորոդի, Սամարայի, Ռոստովի, Եկատերինբուրգի, Կալինինգրադի, Վոլգոգրադի եւ Սարանսկի 12 ստադիոններ: 

NEWS.am Sport-ի թղթակիցը եղել է Մոսկվայում եւ այցելել «Լուժնիկի» օլիմպիական համալիր, որտեղ էլ գտնվում է «Լուժնիկի» ստադիոնը։

«Լուժնիկին» Ռուսաստանի ազգային ստադիոնն է, որը գտնվում է մայրաքաղաք Մոսկվայում: 81 հազար տեղով այն Ռուսաստանի ամենամեծ ստադիոնն է եւ Եվրոպայի խոշորագույններից մեկը: Մարզադաշտը Լուժնիկի Օլիմպիական համալիրի մասն է եւ տեղակայված Մոսկվայի կենտրոնական վարչական շրջանի Խամովնիկի շրջանում: Լուժնիկի անվանումը գալիս է Մոսկվա գետի ավազանի մարգագետիններից, որտեղ այն կառուցվել է: Նախկինում այն եղել տարբեր ֆուտբոլային ակումբների տնային ստադիոնը, այդ թվում ԲԿՄԱ-ի, «Տորպեդոյի» եւ «Սպարտակի», իսկ այժմ այն Ռուսաստանի ազգային հավաքականի տնային խաղադաշտերից մեկն է: Օգտագործվում է տարբեր սպորտային միջոցառումների եւ համերգների համար: Այստեղ են տեղի ունենում Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչները:

«Լուժնիկին» Եվրոպայի այն քիչ մարզադաշտերից է, որտեղ օգտագործվում է արհեստական խոտածածք՝ համաձայն 2002թ. ՖԻՖԱ-ի կանոնի: Սակայն 2008-ի ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի համար օգտագործվել է բնական խոտածածկ։

Երկրի ամենամեծ մարզադաշտը կառուցելու մտահաղացումը ռուսների մոտ ծագել է 1952 թվականի Օլիմպիական խաղերում ԽՍՀՄ հավաքականի հաջողություններից հետո. ԽՍՀՄ օլիմպիականները կիսեցին 1-2-րդ տեղերը ԱՄՆ-ի հավաքականի հետ: Մարզադաշտի կառուցապատման աշխատանքները սկսվել են 1955 թվականից եւ արդեն 450 օր անց պատրաստ է եղել: Կառուցումից հետո հետագա 50 տարիների ընթացքում այս մարզադաշտում բազմաթիվ հետաքրքիր եւ թեժ սպորտային իրադարձություններ են եղել. հենց այստեղից է 1980 թվականին երկինք բարձրացել օլիմպիական արջուկը: Հենց այս մարզադաշտում 1999 թվականին ՈւԵՖԱ-ի գավաթի եզրափակիչում «Պարման» 3:0 հաշվով հաղթեց «Մարսելին»: Իսկ 2008 թվականին ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց «Չելսիին»:

Մարզադաշտը նաեւ ընդունել է 1973 թվականի ամառային Ունիվերսիադան եւ 2013 թվականի աթլետիկայի աշխարհի առաջնությունը: Եվ ահա այս տարի «Լուժնիկին» դարձյալ կդառնա համաշխարհային ֆուտբոլի կենտրոն, հենց այստեղ հայտնի կդառնա աշխարհի չեմպիոնը:

«Լուժնիկին» մի քանի անգամ վերակառուցվել է ՝ 1996-1997 թվականներին, 2001-2004 թվականներին եւ 2018 թվականի աշխարհ առաջնության համար՝ 2013-2017 թվականներին: Վերակառուցումից հետո Մեծ սպորտային համալիրի տարածքն ավելացել է ավելի քան 1.5 անգամ: Հենց այս կառույցում տեղի կունենա աշխարհի առաջնության բացման արարողությունը եւ եզրափակիչը: «Լուժնիկին» կընդունի եւս 6 հանդիպում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս