09:08  ,  26 մայիսի, 2018

Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ (ֆոտո)

Եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարում այսօր հայտնի կդառնա չեմպիոնը։ Կիևում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կհանդիպեն Մադրիդի «Ռեալը» և անգլիական «Լիվերպուլը»։

Զինեդին Զիդանի գլխավորությամբ արքայական ակումբը երրորդ անգամ անընդմեջ կխաղա Չեմպիոնների լիգայի եզրափակիչում (16-րդ եզրափակիչն է)։ Ֆրանսիացի մասագետի համար նախորդ 2 եզրափակիչները հաղթական էին։ «Ռեալը» հնարավորություն ունի 13-րդ անգամ հաղթել այս մրցաշարում։

«Լիվերպուլի» համար Ուկրաինայի մայրաքաղաքում կայանալիք եզրափակիչը 8-րդն է։ Անգլիական ակումբը մրցաշարի հնգակի հաղթող է։ Նախորդ անգամ «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի գավաթակիր է դարձել 2005 թվականի մայիսի 25-ին, երբ Ստամբուլում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց «Միլանին»։ 2 տարի անց (2007-ին)  «Լիվերպուլը» կրկին եզրափակիչում էր, սակայն այս անգամ պարտվեց նույն «Միլանին» (1:2)։

Մինչ այս, թիմերը հանդիպել են 5 անգամ։ Այդ խաղերից մեկը 1981 թվականի եզրափակիչն է, որում «Լիվերպուլը» հաղթեց Ալան Քենեդիի միակ գոլի շնորհիվ։ Բացի այդ Չեմպիոնների լիգայի 2008/09 խաղարկության 1/8 եզրափակիչում անգլիական ակումբը պայքարից դուրս թողեց «Ռեալին» (ընդհանուր 5։0 հաշվով)։ 2014/15 մրցաշրջանի խմբային փուլում մադիդյան ակումբը 2 անգամ կարողացավ հաղթել Բրենդան Ռոջերսի գլխավորած «Լիվերպուլին»։

«Ռեալ» - «Լիվերպուլ» եզրափակիչը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում