23:20  ,  23 մայիսի, 2018

Ունաի Էմերի․ Հավատում եմ այն ֆուտբոլիստներին, որոնք հիմա թիմում են (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ունաի Էմերին ասել է, որ անգլիական ակումբի ղեկավարների հետ հանդիպումից 3 ժամ հետո հավատացած էր, որ իրենք կկարողանան կառուցել թիմի ներկան և ապագան, փոխանցում է The Telegraph-ը։

Տրանսֆերների մասին

«Ես հավատում են այն ֆուտբոլիստներին, որոնք հիմա թիմում են։ Մենք կարող ենք առաջընթաց գրանցել նրանց հետ, և մեր նպատակը քրտնաջան աշխատանքն է։ Պետք է աշխատենք, որ առաջիկայում հավակնենք տիտղոսների։

Ակումբի համար շատ կարևոր է 2 տարվա դադարից հետո կրկին վերադառնալ Չեմպիոնների լիգա և համարվել Պրեմիեր լիգայում լավագույններից մեկը։

Աշխատելաոճի մասին

«Ես շատ պահանջկոտ եմ։ Իմ խնդիրն է լինել քննադատող ամբողջ հանդիպման ընթացքում։

Պատմությունն ասում է, որ «Արսենալը» սիրում է վերահսկել գնդակի տեղաշարժը։ Դա իմ սրտով է։ Գնդակի կորուստի դեպքում ցանկանում եմ, որ խաղացողները ինտենսիվ պրեսինգ կիրառեն»։

Գվարդիոլայի և Մոուրինիոյի հակամարտության մասին

«Փորձը հաշվի առնելով՝ կարող եմ ասել, որ դա ինձ միայն ավելի լավն է դարձնում։ Ուրախ եմ, որ հայտնվել եմ Պրեմիեր լիգայում և մրցելու եմ լավագույն մարզիչների և ակումբների հետ։ Անգլիայի առաջնությունը այժմ բարձունքում է»։

Մեսութ Օզիլի մասին

«Նա «Արսենալի» գլխավոր տաղանդներից մեկն է, և ինձ այստեղ պետք են տաղանդավոր ֆուտբոլիստներ։ Ինչպես մնացած խաղացողների, այնպես էլ Օզիլի հետ ցանկանում եմ շատ ժամանակ անցկացնել։ Ուզում եմ պատմել նրանց, թե որքան ոգևորված եմ, որ այստեղ եմ։ Սա հիանալի նախագիծ է»։

Ավելի վաղ նշվում էր, որ 46-ամյա Էմերին անգլիական ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր՝ տարեկան 5 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձով: Այս մրցաշրջանի վերջում նա հեռացել էր ֆրանսիական ՊՍԺ-ից, որը գլխավորում էր 2016 թվականից:

Մարզչական կարիերայի ընթացքում իսպանացի մասնագետը գլխավորել է նաեւ իսպանական «Լորկա Դեպորտիվան», «Ալմերիան», «Վալենսիան», «Սեւիլիան» ու Մոսկվայի «Սպարտակը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում