18:48  ,  20 մայիսի, 2018

Ավարտվեց Հայաստանի 26-րդ առաջնությունը, «Շիրակը» բոյկոտեց վերջին տուրը

Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 26-րդ առաջնությունը:

Պայմանավորված խաղի հետ կապ ունենալու մեջ մեղադրվող եւ 12 միավորից զրկված Գյումրիի «Շիրակը» բոյկոտեց Երեւանի «Փյունիկի» դեմ վերջին՝ 30-րդ տուրի տնային խաղը, որին չներկայացավ:

«Ալաշկերտը» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց «Գանձասար-Կապանին», իսկ «Բանանցը» տանն ուժեղ գտնվեց հետնապահ «Արարատից»՝ 2:0:

Առաջատար «Շիրակի»՝ 12 միավորից զրկվելուց հետո առաջին տեղ բարձրացավ նախորդ 2 տարիների չեմպիոն «Ալաշկերտը», որն առաջնությունն ավարտեց 50 միավորով: «Բանանցը» 44 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, իսկ նախորդ տարվա փոխչեմպիոն «Գանձասար-Կապանը» 43 միավորով նահանջեց երրորդ տեղ:

Վերջին տուրից առաջ «Շիրակը» 50 միավորով առաջատարն էր, սակայն 12 միավորից զրկվելու պատճառով նահանջել է չորրորդ տեղ, որը եւս տալիս է Եվրոպայի լիգայի որակավորման փուլին մասնակցելու ուղեգիր: «Փյունիկը» գրավեց 5-րդ տեղը, իսկ «Արարատը» եզրափակեց մրցաշարային աղյուսակը:

Առաջնության լավագույն ռմբարկու դարձավ «Ալաշկերտի» կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը, որը վերջին տուրում եւս աչքի ընկավ եւ գոլերի քանակը հասցրեց 13-ի: Ռմբարկուների ցուցակում երկրորդ տեղը գրավեց Գեղամ Հարությունյանը, որը «Գանձասար-Կապանի» կազմում խփեց 12 գոլ: Միհրան Մանասյանն («Ալաշկերտ») ու Անդրանիկ Քոչարյանը («Արարատ») դարձել են 9-ական գոլի հեղինակ:

Ավելի վաղ «Շիրակը» հայտնել էր, որ ՀՖՖ-ի Կարգապահական կոմիտեի որոշումը բողոքարկելու է Լոզանի մարզական վճռաբեկ դատարանում (CAS): Ակումբը նաեւ պահանջում է ՀՖՖ նախագահի ու ամբողջ աշխատակազմի հրաժարականը։ Ավելի վաղ «Շիրակը» հայտնել էր, որ 12 միավորից զրկվելու դեպքում իր բոլոր թիմերին կհանի Հայաստանի առաջնություններից:

Հայաստանի առաջնություն, 30-րդ տուր

«Բանանց» - «Արարատ»՝ 2:0

Ռումյան Հովսեփյան, 7, Լեսթեր Պելտիեր, 26

«Ալաշկերտ» - «Գանձասար-Կապան»՝ 2:0

Արտակ Դաշյան, 33, Արտակ Եդիգարյան, 77

Ֆոտո՝ «Ալաշկերտի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում