Հայաստանի ներկայացուցիչ Ֆերդինանդ Կարապետյանը դարձել է ձյուդոյի 2018թ. Եվրոպայի չեմպիոն:
Իսրայելի Թել Ավիվ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության 73 կգ քաշային կարգում 26-ամյա Կարապետյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից եւ, հաղթելով լիտվացի, էստոնացի, ուկրաինացի ու շվեդ ձյուդոիստների, դուրս է եկել եզրափակիչ, որտեղ ուժեղ է գտնվել ադրբեջանցի Հիդայաթ Հեյդարովից:
Կարապետյանը կրկնել է ձյուդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի հաջողությունը՝ 13 տարի անց դառնալով Եվրոպայի չեմպիոն: 2005-ին Նազարյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել Հոլանդիայում կայացած առաջնությունում:
73 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր նաեւ Արսեն Ղազարյանը, որը 2 հաղթանակ տանելուց հետո պարտություն է կրել, բայց հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: Ղազարյանը հաղթել է առաջին սփոփիչ գոտեմարտում, սակայն բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտություն է կրել ու գրավել 5-րդ տեղը:
Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 44 երկրների 368 մարզիկներ:
Հիշեցնենք, որ նախորդ ամիս Ֆերդինանդ Կարապետյանն արծաթե մեդալակիր էր դարձել Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում կայացած ձյուդոյի «Մեծ սաղավարտ» միջազգային մրցաշարում, որի կիսաեզրափակիչում հաղթել էր Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն, իտալացի Ֆաբիո Բազիլեին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում