13:07  ,  27 ապրիլի, 2018

Վանես Մարտիրոսյան. Չեմ հավատում Սաուլ Ալվարեսին

Ամերիկահայ Վանես Մարտիրոսյանն անդրադարձել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում WBC, WBA Super, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ղազախ Գենադի Գոլովկինի հետ մենամարտին, որը կկայանա մայիսի 5-ին Լոս Անջելեսի մոտակայքում գտնվող StubHub Center մարզապալատում: Հայ բռնցքամարտիկը նաեւ քննադատել է դոպինգի համար 6 ամսով որակազրկված Սաուլ Ալվարեսին, որը պետք է մենամարտեր 36-ամյա Գոլովկինի հետ:

«Ես չեմ հավատում Ալվարեսին: Նա չի կարող ինձ խաբել փչացած մսի մասին պատմություններով: Եթե ես դոպինգի վրա «բռնվեի» փչացած մսի պատճառով, ապա թեստեր կհանձնեի ամեն օր, որպեսզի ապացուցեի իմ մաքրությունը: Ոչ ոք չի ցանկանում տեսնել խաբեբաների: Հենց այդ պատճառով է բոլորին դուր գալիս Գոլովկինը: Նա լավն է ռինգում եւ միշտ մաքուր է: Գենադին ցանկանում է բռնցքամարտել արդար, եւ ես ցանկանում եմ նույնը»,- 31-ամյա Մարտիրոսյանի խոսքը մեջբերում է Boxingscene-ը:

Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկը նախորդ մենամարտն անցկացրել է 2016 թվականի մայիսին՝ մրցավարների միաձայն որոշմամբ պարտվելով առաջին միջին քաշային կարգում IBO եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Էրիսլանդի Լարային։

Ֆոտո՝ twitter.com/boxingscene

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում