15:33  ,  20 ապրիլի, 2018

Արսեն Վենգեր. Պատրիկ Վիեյրան ունի «Արսենալը» գլխավորելու ներուժ

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացող Արսեն Վենգերը կարծիք է հայտնել, որ ամերիկյան «Նյու Յորք Սիթին» գլխավորող Պատրիկ Վիեյրան կարող է փոխարինել իրեն: Ապրիլի 20-ին հայտնի էր դարձել, որ ֆրանսիացի մասնագետն ընթացիկ մրցաշրջանի վերջում հեռանալու է անգլիական ակումբից:

«Վիեյրան ունի ներուժ, որպեսզի մի գեղեցիկ օր գլխավորի «Արսենալը»: Ես հետեւում եմ նրա մարզչական գործունեությանը: Կարծում եմ՝ նա շատ լավ է աշխատում: Սակայն, Պրեմյեր լիգան յուրահատուկ առաջնություն է: Կան մի շարք նախկին ֆուտբոլիստներ, որոնք ունեն այս ակումբը գլխավորելու ներուժ: Ընտրության հնարավորությունը մեծ է: Այդ հարցով մի անհանգստացեք»,- Վենգերի խոսքը մեջբերում է Independent-ը:

Հիշեցնենք, որ 68-ամյա Վենգերը 1996 թվականից է գլխավորում «Արսենալը», որի հետ նվաճել է 17 տիտղոս՝ դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն (1997/98, 2001/02, 2003/04 մրցաշրջաններում)։ Նրան է պատկանում Պրեմյեր լիգայում անցկացրած խաղերի ռեկորդը (823 հանդիպում):

Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Պատրիկ Վիեյրան 1996-2005-ն «Արսենալում» խաղացել է Արսեն Վենգերի գլխավորությամբ: 2013-2015-ը 41-ամյա մասնագետն աշխատել է նաեւ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» մարզչական շտաբում, իսկ «Նյու Յորքի Սիթին» գլխավորում է 2016 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում