13:07  ,  20 ապրիլի, 2018

Պաշտոնական. Արսեն Վենգերը հեռանում է «Արսենալից»

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ ընթացիկ մրցաշրջանի վերջում կհեռանա զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ակումբի կայքը:

«Մանրակրկիտ մտորումներից ու ակումբի հետ երկարատեւ քննարկումներից հետ զգացի, որ եկել է հարմար պահ մրցաշրջանից հետո «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալու համար:

Շնորհակալ եմ, որ նման պատիվ եմ ունեցել երկար ու հիշարժան տարիներ ծառայել այս ակումբին: Ես թիմը մարզել եմ նվիրվածությամբ ու անկեղծությամբ»,- ասվում է ֆրանսիացի մասնագետի հայտարարությունում:

68-ամյա Վենգերը 1996 թվականից է գլխավորում «Արսենալը», որի հետ նվաճել է 17 տիտղոս՝ դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն (1997/98, 2001/02, 2003/04 մրցաշրջաններում)։ Նրան է պատկանում Պրեմյեր լիգայում անցկացրած խաղերի ռեկորդը (823 հանդիպում):

Անգլիայի ընթացիկ առաջնության ավարտից 5 խաղ առաջ լոնդոնյան ակումբը 54 միավորով 6-րդ տեղում է, իսկ Եվրոպայի լիգայում դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում