00:42  +04,  12 ապրիլի, 2018

ՉԼ. «Յուվենտուսը» մոտ էր հրաշքին, բայց Ռոնալդուն փրկեց «Ռեալին», կիսաեզրափակիչում է նաեւ «Բավարիան»

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի Գավաթակրի տիտղոսը պաշտպանող Մադրիդի «Ռեալն» քառորդ եզրափակիչի պատասխան խաղում ընդունեց Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսին» եւ պարտվեց 1:3 հաշվով (տեսանյութ): Սակայն կշարունակի պայքարը Թուրինում 3:0 հաշվով հաղթանակի շնորհիվ:

Արդեն երկրորդ րոպեին գերմանացի կիսապաշտպան Սամի Խեդիրայի փոխանցումից հետո խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչը գրավեց կոստառիկացի Կեյլոր Նավասի պաշտպանած դարպասը:

13-րդ րոպեին «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հարվածից հետո մրցակցի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հետ մղեց գնդակը, որը հայտնվեց իսպանացի կիսապաշտպան Իսկոյի մոտ: Նա գրավեց դարպասը, սակայն մրցավարը գրանցեց խաղից դուրս վիճակ:

37-րդ րոպեին Մանջուկիչը խփեց նաեւ երկրորդ գոլը: Շվեյցարացի պաշտպան Շտեֆան Լիխտշտայների փոխանցումից հետո Մանջուկիչին չհասցրեց վերահսկել Արքայական թիմի իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալը, իսկ Նավասը դրություն փրկել չկարողացավ:

60-րդ րոպեին ֆրանսիացի կիսապաշտպան Բլեզ Մատյուիդի խփեց «Յուվենտուսի» երրորդ գոլը՝ հավասարեցնելով ընդհանուր հաշիվը: Առաջին խաղում «Ռեալը» հաղել էր 3:0 հաշվով:

Ավելացված ժամանակում մրցավարի հետ վիճելու համար կարմիր քարտ ստացավ Բուֆոնը, որը վիճարկում էր Բենատիայի խախտումը Լուկաս Վասկեսի նկատմամբ: Արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինի փոխարեն փոխարինման դուրս եկած լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին ոչինչ անել չկարողացավ: 11 մետրանոցը դիպուկ իրացրեց «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմին դուրս բերելով կիսաեզրափակիչ:

Օրվա մյուս խաղում Մյունխենի «Բավարիան» ընդունեց իսպանական «Սեւիլիային»: Գոլ այդպես էլ չգրանցվեց  (տեսանյութ): Իսպանիայում 2:1 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ կիսաեզրափակիչ դուրս եկավ Գերմանիայի չեմպիոնը:

Հիշեցնենք, որ նախորդ օրը կիսաեզրափակիչ ուղեգրեր էին նվաճել նաեւ իտալական «Ռոման» ու անգլիական «Լիվերպուլը»:

Վիճակահանությունը տեղի կունենա ապրիլի 13-ին:

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան խաղեր

«Ռեալ» (Իսպանիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 1:3 (առաջին խաղ՝ 3:0)

Կրիշտիանու Ռոնալդու, 90+8, 11մ - Մարիո Մանջուկիչ, 2, 37, Բլեզ Մատյուիդի, 60

Հեռացում՝ Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս»), 90+3

«Բավարիա» (Գերմանիա) - «Սեւիլիա» (Իսպանիա)՝ 0:0 (առաջին խաղ՝ 2:1)

Հեռացում՝ Խոակին Կոռեա («Սեւիլիա), 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ