00:42 12 ապրիլի, 2018Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի Գավաթակրի տիտղոսը պաշտպանող Մադրիդի «Ռեալն» քառորդ եզրափակիչի պատասխան խաղում ընդունեց Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսին» եւ պարտվեց 1:3 հաշվով (տեսանյութ): Սակայն կշարունակի պայքարը Թուրինում 3:0 հաշվով հաղթանակի շնորհիվ:
Արդեն երկրորդ րոպեին գերմանացի կիսապաշտպան Սամի Խեդիրայի փոխանցումից հետո խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչը գրավեց կոստառիկացի Կեյլոր Նավասի պաշտպանած դարպասը:
13-րդ րոպեին «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հարվածից հետո մրցակցի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հետ մղեց գնդակը, որը հայտնվեց իսպանացի կիսապաշտպան Իսկոյի մոտ: Նա գրավեց դարպասը, սակայն մրցավարը գրանցեց խաղից դուրս վիճակ:
37-րդ րոպեին Մանջուկիչը խփեց նաեւ երկրորդ գոլը: Շվեյցարացի պաշտպան Շտեֆան Լիխտշտայների փոխանցումից հետո Մանջուկիչին չհասցրեց վերահսկել Արքայական թիմի իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալը, իսկ Նավասը դրություն փրկել չկարողացավ:
60-րդ րոպեին ֆրանսիացի կիսապաշտպան Բլեզ Մատյուիդի խփեց «Յուվենտուսի» երրորդ գոլը՝ հավասարեցնելով ընդհանուր հաշիվը: Առաջին խաղում «Ռեալը» հաղել էր 3:0 հաշվով:
Ավելացված ժամանակում մրցավարի հետ վիճելու համար կարմիր քարտ ստացավ Բուֆոնը, որը վիճարկում էր Բենատիայի խախտումը Լուկաս Վասկեսի նկատմամբ: Արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինի փոխարեն փոխարինման դուրս եկած լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին ոչինչ անել չկարողացավ: 11 մետրանոցը դիպուկ իրացրեց «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմին դուրս բերելով կիսաեզրափակիչ:
Օրվա մյուս խաղում Մյունխենի «Բավարիան» ընդունեց իսպանական «Սեւիլիային»: Գոլ այդպես էլ չգրանցվեց (տեսանյութ): Իսպանիայում 2:1 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ կիսաեզրափակիչ դուրս եկավ Գերմանիայի չեմպիոնը:
Հիշեցնենք, որ նախորդ օրը կիսաեզրափակիչ ուղեգրեր էին նվաճել նաեւ իտալական «Ռոման» ու անգլիական «Լիվերպուլը»:
Վիճակահանությունը տեղի կունենա ապրիլի 13-ին:
Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան խաղեր
«Ռեալ» (Իսպանիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 1:3 (առաջին խաղ՝ 3:0)
Կրիշտիանու Ռոնալդու, 90+8, 11մ - Մարիո Մանջուկիչ, 2, 37, Բլեզ Մատյուիդի, 60
Հեռացում՝ Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս»), 90+3
«Բավարիա» (Գերմանիա) - «Սեւիլիա» (Իսպանիա)՝ 0:0 (առաջին խաղ՝ 2:1)
Հեռացում՝ Խոակին Կոռեա («Սեւիլիա), 90+3
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.