Ազատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի հավաքականը զրկվել է ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունքից։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը ռուս ըմբիշներին չի տրամադրել ԱՄՆ-ի մուտքի վիզա։
Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ազատ ոճի հարցով ղեկավար, թիմի ավագ մարզիչ Վիտալի Ֆելդշերովը պատմել է, որ Ռուսաստանի թիմին խորհուրդ են տվել դիմել Հայաստանում ԱՄՆ-ի հյուպատոսություն։
«Այս իրավիճակում մեր թիմը զրկվեց աշխարհի գավաթում հանդես գալու հնարավորությունից։ Մեզ չգրանցեցին հարցազրույցի, բացի այդ, խորհուրդ տվեցին դրա համար դիմել Հայաստանում ԱՄՆ-ի հյուպատոսություն։ Մենք ժամանակ չունեինք, որպեսզի անեինք դա։ Թիմը հայտնվել էր մի իրավիճակում, որում մրցաշարին պատրաստվելու փոխարեն ստիպված էր ընդհատել մարզումային փուլը։ Իմ կանխատեսումով, մենք արդեն անցանք աշխարհի գավաթի կողքով»,- Վիտալի Ֆելդշերովի խոսքը մեջբերում է tass.ru-ն։
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությանը կկայանա ապրիլի 5-9-ը ամերիկյան Այովա-Սիթի քաղաքում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում