12:41  ,  28 մարտի, 2018

Իսկոն չգիտի՝ ինչպես արժանանալ «Ռեալի» մեկնարկային կազմում մշտական տեղ ունենալուն

Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն ընկերական խաղում աշխարհի փոխչեմպիոն Արգենտինայի նկատմամբ 6։1 հաշվով հաղթանակից հետո խոսել է ակումբային գործերի մասին։ Դա 25-ամյա ֆուտբոլիստի առաջին հեթ-տրիկն էր կարիերայում։

«Դա ճիշտ է, որ «Ռեալում» չունեմ մշտական տեղ մեկնարկային կազմում։ Հնարավոր է, որ խնդիրն այն է, որ ես չգիտեմ, թե ինչպես արժանանամ դրան։

Ցանկանում եմ շարունակել աշխատանքը՝ չնայած նրան, որ առաջատար չեմ ակումբում։ Իսպանիայի հավաքականում ունեմ մարզիչի կողմից վստահություն։

Չնայած արդյունքին՝ Արգենտինայի հավաքականի դեմ խաղը հեշտ չէր։ Եկեք չմոռանանք, որ դա նախապատրաստական հանդիպում էր, պետք է լինել ավելի համեստ»,- Իսկոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

2003-ից հետո Իսկոն «Ռեալի» առաջին ֆուտբոլիստն է, որը հեթ-տրիկի հեղինակ է դառնում Իսպանիայի հավաքականում։ 2003-ին դա հաջողվել էր Ֆերնանդո Մորյենտեսին։

Հիշեցնենք, որ Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում կայացած հանդիպմանը «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին չէր մասնակցել ծնկի վնասվածքի պատճառով։ Արգենտինայի հավաքականը պատմության մեջ երրորդ անգամ պարտվել էր 1։6 հաշվով եւ 5-րդ անգամ՝ 5 գոլի տարբերությամբ։ 1958-ին արգենտինացիներին նույն հաշվով հաղթել էր Չեխոսլովակիան, իսկ 2009-ին՝ Բոլիվիան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում