09:10  ,  23 մարտի, 2018

Հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյան vs Սերգեյ Կարյակին

Բեռլինում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում մարտի 23-ին տեղի կունենան 11-րդ տուրի պարտիաները։

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա ռուս Սերգեյ Կարյակինի հետ, որին հաղթել է առաջին շրջանում։ Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 18։00-ին։

Նախորդ 10 տուրերում հայ գրոսմայստերը տարել է մեկ հաղթանակ, կրել 4 պարտություն, 5 պարտիա ավարտել ոչ ոքի եւ 3․5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Հավակնորդների մրցաշար, 11-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)

Դին Լիրեն (Չինաստան) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)

Մրցաշարային դրությունը 10 տուրից հետո. Կարուանա՝ 6.5 միավոր, Մամեդյարով՝ 6, Գրիշչուկ՝ 5.5, Կարյակին, Դին Լիրեն՝ 5-ական, Կրամնիկ՝ 4.5, Սո՝ 4, Արոնյան՝ 3.5:

Երկու շրջանով անցկացվող հավակնորդների մրցաշարի մրցանակային հիմնադրամը 420 հազար եվրո է: Հավասար միավորների դեպքում, հաղթողը կորոշվի անձնական հանդիպումների, հաղթանակների քանակի, Զոնեբորն-Բերգերի գործակցի հաշվարկով: Բացարձակ հավասարության դեպքում, մարտի 28-ին կանցկացվի թայ-բրեյք: Պարտիաների ժամանակի հաշվարկը. 100 րոպե՝ առաջին 40 քայլին, 50 րոպե՝ հաջորդ 20 քայլին եւ 15 րոպե՝ մինչեւ պարտիայի ավարտը ամեն քայլին 30 վայրկյանի ավելացմամբ:

Խաղային օրերն են՝ մարտի 10-12, 14-16, 18-20, 22-24, 26-27: Հանգստյան օրերն են՝ մարտի 13, 17, 21, 25: Տուրերի մեկնարկը Երեւանի ժամանակով 18:00-ին է:

Հավակնորդների մրցաշարի հաղթողն իրավունք կստանա այս տարվա նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում կայանալիք մրցամարտում աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ վիճարկել համաշխարհային թագը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում