12:42  ,  7 մարտի, 2018

ՊՍԺ - «Ռեալ»․ Մարզիչների կարծիքները

Մադրիդի «Ռեալի» եւ ֆրանսիական ՊՍԺ-ի միջեւ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղից հետո 2 թիմերի գլխավոր մարզիչները կիսվել են տպավորություններով։

Ունաի Էմերի (ՊՍԺ) «2 խաղերում էլ ունեցանք լավ պահեր, որոնք չօգտագործեցինք։ Առաջին խաղում հնարավորությունները 50-50 էին, բայց «Ռեալը» հասավ լավագույն արդյունքի։ Մադրիդում շատ բան որոշվեց։ Այսօր մրցակիցը վերահսկում էր խաղի 60 տոկոսը, իսկ մենք՝ 40։ Մենք ունեինք հնարավորություններ, պայքարեցինք մինչեւ վերջ, սակայն «Ռեալի» երկրորդ գոլը ոչնչացրեց մեզ։ Դա մեծ հիասթափություն էր։

Բոլորը ցանկանում են արագ արդյունք ու հաղթանակ Չեմպիոնների լիգայում։ Ես վստահ եմ ՊՍԺ նախագծի վրա։ Պետք է մոռանանք հիասթափությունը եւ շարժվենք առաջ։ Մի օր այս թիմը կհաղթի Չեմպիոնների լիգայում։ Հնարավոր է, որ դա տեղի կունենա հաջորդ մրցաշրջանում, հնարավոր է՝ մեկ տարի հետ»։

Զինեդին Զիդան («Ռեալ») «Շատ հաջող սկսեցինք խաղը եւ կենտրոնացած էինք։ Կարծում եմ՝ սա արժանի հաղթանակ էր։ Պետք է շնորհավորեմ իմ խաղացողներին, սա շատ բարդ հանդիպում էր։

Ինձ համար բարդ էր ընտրել մեկնարկային կազմը՝ ունենալով լավ ֆուտբոլիստներ։ Խաղացողներն անցկացրին լավ հանդիպում, իսկ փոխարինողները հաջող մտան խաղի մեջ»,- փոխանցում է AS-ը։

Հիշեցնենք, որ Փարիզում կայացած խաղում Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը հաղթել էր 2։1 հաշվով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Առաջին խաղում եւս ուժեղ էին գտնվել մադրիդցիները (3։1)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում