19:24  ,  4 մարտի, 2018

«Արսենալը» կրեց չորրորդ անընդմեջ պարտությունը

Անգլիական Պրեմյեր լիգայի 29-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս 1։2 հաշվով պարտվեց «Բրայթոնին»։ Խաղի բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում։

Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսել էր Արսեն Վեգների գլխավորած թիմի մեկնարկային կազմում։

Դաշտի տերերն արագ գոլ խփեցին անկյունային հարվածի խաղարկման արդյունքում, իսկ 26-րդ րոպեին նաեւ կրկնապատկեցին հաշիվը։ Առաջին խաղակեսում «Արսենալն» ավելի շատ էր վերահսկում գնդակը, սակայն չէր կարողանում կազմակերպել վտանգավոր գրոհներ։ Խաղակեսի վերջնամասում լոնդոնցիները մեծացրին ճնշումը եւ 43-րդ րոպեին կրճատեցին հաշիվը գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի գոլի շնորհիվ։

Երկրորդ խաղակեսում «Արսենալն» ուներ առավելություն, որը գոլի վերածել չհաջողվեց։ Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց 83-րդ րոպեին։

Բոլոր մրցաշարերում լոնդոնյան ակումբը կրեց չորրորդ անընդմեջ պարտությունը, իսկ Պրեմյեր լիգայում՝ երրորդ, եւ 45 միավորով մնաց 6-րդ տեղում։ «Բրայթոնը» 34 միավորով 10-րդն է։

Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր

«Բրայթոն» - «Արսենալ»՝ 2։1

Լյուիս Դանկ, 4, Գլեն Մարեյ, 26 – Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 43

«Արսենալ». Պետր Չեխ, Կալում Չեմբերս (Հեկտոր Բելերին, 83), Շկոդրան Մուստաֆի, Լորան Կոսելնի, Սեադ Կոլաշինաց, Ջեկ Ուիլշիր, Գրանիտ Ջակա, Մեսութ Օզիլ, Հենրիխ Մխիթարյան (Էդվարդ Նկետիա, 83), Ալեքս Իվոբի (Դենի Ուելբեկ, 74), Պյեր-Էմերիկ Օբամեյանգ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում