01:34  ,  2 մարտի, 2018

«Արսենալը» լուրջ դիմադրություն չցուցադրեց «Մանչեսթեր Սիթիին», Հենրիխ Մխիթարյանը վաստակեց 11 մետրանոց

Անգլիական Պրեմյեր լիգայի 28-րդ տուրից տեղափոխված խաղում Լոնդոնի «Արսենալն» ընդունեց «Մանչեսթեր Սիթիին» եւ պարտվեց 0։3 հաշվով։

Ինչպես փետրվարի 25-ին կայացած Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում, այնպես էլ այս խաղում Արսեն Վենգերի գլխավորած թիմը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ մանչեսթերյան ակումբին։

Առաջին խաղակեսում «Մանչեսթեր Սիթին» շանս չտվեց մրցակցին եւ խփեց 3 անպատասխան գոլ։ «Արսենալը» Պրեմյեր լիգայի տնային խաղում երբեք 3 գոլ բաց չէր թողել առաջին խաղակեսում։ Հյուրերից մեկական անգամ աչքի ընկան պորտուգալացի Բերնարդո Սիլվան, իսպանացի Դավիդ Սիլվան ու գերմանացի Լերոյ Սանեն։

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Արսենալը» համեմատաբար ավելի ակտիվ էր եւ 52-րդ րոպեին ունեցավ հաշիվը կրճատելու իրական հնարավորություն։ Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վաստակեց 11 մետրանոց հարված, սակայն գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հարվածից հետո բրազիլացի դարպասապահ Էդերսոնը հետ մղեց գնդակը։ Խաղի մնացած ժամանակահատվածում հյուրերն առանց մեծ դժվարության պահպանեցին հաղթական հաշիվը։

Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես եկավ առանց փոխարինման։ Ընդ որում՝ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չկատարեց ոչ մի փոխարինում։ 

Կիսադատարկ ստադիոնում անցած խաղի վերջնամասում «Արսենալի» երկրպագուները լքում էին տրիբունաները՝ չսպասելով հանդիպման ավարտին։ 

Այս հաղթանակից հետո Խոսեպ Գվարդիոլայի թիմը վաստակեց 75 միավոր եւ 16 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդից»։ «Արսենալը» 45 միավորով մնաց 6-րդ տեղում։

Անգլիայի առաջնություն, 28-րդ տուր

«Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0։3

Բերնարդո Սիլվա, 15, Դավիդ Սիլվա, 28, Լերոյ Սանե, 33

Չիրացված 11 մետրանոց՝ Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 52 («Արսենալ»)

«Արսենալ». Պետր Չեխ, Հեկտոր Բելերին, Շկոդրան Մուստաֆի, Լորան Կոսելնի, Սեադ Կոլաշինաց, Աարոն Ռեմզի, Գրանիտ Ջակա, Մեսութ Օզիլ, Հենրիխ Մխիթարյան, Դենի Ուելբեկ, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ։

«Մանչեսթեր Սիթի». Էդերսոն, Կայլ Ուոքեր (Ալեքսանդր Զինչենկո, 72), Վենսան Կոմպանի, Նիկոլաս Օտամենդի, Դանիլո, Իլկայ Գյունդոգան, Կեւին Դե Բրույնե, Բերնարդո Սիլվա, Դավիդ Սիլվա (Գաբրիել Ժեզուս, 87), Լերոյ Սանե, Սերխիո Ագուերո (Յայա Տուրե, 82)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում