11:18  ,  22 փետրվարի, 2018

«Ալաշկերտը» վարձակալել է «Ամկարի» ֆուտբոլիստին

Պերմի «Ամկարն» ու Երեւանի «Ալաշկերտը» փոխհամաձայնության են եկել ռուսաստանցի պաշտպան Ռուստամ Վազիտդինովի տեղափոխության հարցում, հայտնում է ռուսական ակումբի կայքը։

20-ամյա ֆուտբոլիստն օրերս 2 տարով երկարաձգել է «Ամկարի» հետ պայմանագիրը, իսկ Հայաստանի չեմպիոնի կազմում հանդես կգա վարձավճարով։ Կողմերը կնքել են մեկ տարվա պայմանագիր, սակայն ամռանն «Ամկարը» կունենա խաղացողին վերադարձնելու հնարավորություն։

«Ռուստամն «Ալաշկերտում» կստանա գլխավորը՝ խաղաժամանակ մեծահասակների մակարդակում։ Նա ակնհայտորեն գերազանցում է Ռուսաստանի երիտասարդական առաջնության մակարդակը, եւ մենք որոշեցինք, որ «Ալաշկերտը» լավ տարբերակ է նրա համար։ Ռուստամը տեղափոխվում է գրագետ մարզչական գործուենությամբ կայուն թիմ։ Բացի այդ, նա կունենա Չեմպիոնների լիգայում խաղալու հնարավորություն, ինչի մասին երազում է ցանկացած ֆուտբոլիստ։ Իհարկե, մենք ուշադիր կհետեւենք նրան եւ հույս ունենք, որ վարձակալության պայմանագրի ավարտից հետո նա կվերադառնա Պերմ եւ երկար տարիներ կծառայի «Ամկարին»,- ասել է «Ամկարի» մարզական տնօրեն Դենիս Մասլովը։

Վազիտդինովն «Ամկարի» երիտասարդական թիմի ավագն է ու առաջատարներից մեկը։ Նա թիմին միացել է 2014-ի մարտին, երբ 17 տարեկան էր։ Ռուսաստանի երիտասարդական առաջնությունում պաշտպանը մասնակցել է 87 խաղի եւ խփել 5 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով