14:22  ,  18 փետրվարի, 2018

Մոսկվայի «Սպարտակի» մարզիչը՝ ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացողի նորամուտի եւ գոլի մասին

Ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացող Գարեգին Մաշումյանը Մոսկվայի «Սպարտակի» կազմում նորամուտը նշել է գոլով։ Օրեր առաջ «Չարբախ» ակումբից տեղափոխված 28-ամյա ֆուտզալիստը «Սպարտակի» կազմում գոլի հեղինակ է դարձել «Վոլգայի» դեմ Ռուսաստանի առաջին դիվիզիոնի խաղում, որն ավարտվել է 3։3 հաշվով։

Հանդիպումից հետո «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Գրիգորեւը մեկնաբանել է Գարեգին Մաշումյանի ելույթը․

«Նրա ելույթը կգնահատեմ դրական, քանի որ առաջին խաղն էր, եւ նա մի քանի օր է թիմում։ Երեւում է, որ կա տեխնիկա, լավ է խաղում եւ գոլ խփեց։ Բացասական էր, որ նրա պատճառով գոլ բաց թողեցինք, սակայն այդպես պատահում է։ Նա արժանի խաղ ցուցադրեց»,- մարզիչի խոսքը մեջբերում է ակումբի կայքը։

Գարեգին Մաշումյանը նախորդ տարի «Լեոյի» կազմում մասնակցել էր ֆուտզալի ՈւԵՖԱ-ի Գավաթի 6 խաղերի եւ խփել 6 գոլ։ Նա ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 11 հանդիպում եւ դարձել 4 գոլի հեղինակ։

Մինչեւ ֆուտզալ տեղափոխվելը, Գարեգին Մաշումյանն ունեցել է ֆուտբոլային կարիերա, որի ընթացքում հանդես է եկել «Կիլիկիայում», «Ուլիսում», «Բանանցում» ու «Ալաշկերտում»։

Տեսանյութում Մաշումյանի գոլը՝ 2։55-ից, գոլային սխալը՝ 2։42-ից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում