12:06  ,  16 փետրվարի, 2018

Դավիդ Յուրչենկոն այսօր կարող է ընդունել Հայաստանի հավաքականում խաղալու առաջարկը

Ռուսական «Տոսնոյի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու հարցը կարող է որոշվել փետրվարի 16-ին, հայտնում են NEWS.am Sport-ի աղբյուրները։

Այս օրերին «Տոսնոն» հավաք է անցկացնում թուրքական Բելեկում, որտեղ կմարզվի մինչեւ փետրվարի 26-ը: Թուրքիայում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչն այսօր հանդիպելու է 31-ամյա դարպասապահի հետ։ Կողմերը քննարկելու են Յուրչենկոյի՝ Հայաստանի ազգային հավաքականում խաղալու վերաբերյալ հարցերը եւ պայմանները:

Հիշեցնենք, որ ռուսաստանցի 31-ամյա դարպասապահն այս մրցաշրջանից առաջ Մախաչկալայի «Անժիից» է տեղափոխվել Լենինգրադի մարզը ներկայացնող «Տոսնո»: Նախկինում Յուրչենկոն Հայաստանի հավաքականում խաղալու առաջարկը մերժել էր Ռուսաստանի առաջնությունում լեգեոնականների լիմիտի պատճառով: Դրանից հետո ՀՖՖ նախագահը հայտնել էր, որ Հայաստանի հավաքականում միշտ սպասում են Դավիդ Յուրչենկոյին։

Փետրվարի 17-ին «Տոսնոն» ստուգողական հանդիպում է անցկացնելու Բելեկում հավաք անցկացնող Երեւանի «Բանանցի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում