12:25  ,  8 փետրվարի, 2018

Մադրիդի «Ռեալի» դեմ խաղացած Հարություն Գրիգորյան. Ցավալի էր պարտվել հետխաղյա 11 մետրանոցներով

ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայի 1/8 եզրափակիչում ռուսական «Կրասնոդարը» տանը հետխաղյա 11 մետրանոցներով 0:3 հաշվով պարտվել է Մադրիդի «Ռեալին»: Հիմնական ժամանակն ավարտվել է 0:0 հաշվով:

Հանդիպումից հետո ռուսական ակումբի 19-ամյա կիսապաշտպան Հարություն Գրիգորյանը կիսվել է տպավորություններով: Գրիգորյանն այդ խաղում փոխարինման է դուրս եկել 62-րդ րոպեին, իսկ հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ վրիպել է:

«Այսպիսի խաղում փոխարինման դուրս գալուց հետո սկզբում ծանր էր: Մտածում էի, որ շատ եմ անհանգստանալու, սակայն գնդակին առաջին հպումից հետո ամեն բան անցավ: Խաղում էի ինչպես կարող էի եւ փորձում օգնել թիմին: Հետխաղա 11 մետրանոցների ժամանակ հաջողությունը մրցակցի կողմն էր:

Առաջին խաղակեսում ավելի շատ էինք վերահսկում գնդակը, իսկ ընդմիջումից հետո ուժերը չբավականացրին: Երեւում էր, որ «Ռեալի» ֆուտբոլիստներն ավելի լավ տեսք ունեին ֆիզիկապես: Մենք փորձում էինք անցկացնել հակագրոհներ, սակայն գոլ չխփեցինք:

Ինչ վերաբերում է հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ 3 վրիպումներին, գուցե դա ճնշման պատճառով էր: «Ռեալի» դարպասապահը շատ լավ դրսեւորեց իրեն: Նույնիսկ չգիտեմ՝ ինչ ասել: Շատ ցավալի է պարտվել հետխաղյա 11 մետրանոցներով՝ չխփելով ոչ մի գոլ»,- Հարություն Գրիգորյանի խոսքը մեջբերում է sport-express.ru-ն:

Նշվում է, որ «Կրասնոդար» ստադիոնում կայացած խաղին ներկա է եղել 33 799 երկրպագու, ինչը ռեկորդային ցուցանիշ է ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայում:

Ֆոտո՝ twitter.com/FCKrasnodar

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում