15:20  ,  2 փետրվարի, 2018

Սլուցկի. Մխիթարյանն իր մոտիվացիայով եւ վարպետությամբ կարող է դառնալ Պրեմյեր լիգայի երկրորդ շրջանի հայտնությունը

Մոսկվայի ԲԿՄԱ–ի, անգլիական «Հալ Սիթիի» եւ Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին մեկնաբանել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդից» Լոնդոնի «Արսենալ»։

«Ժիրու – Օբամեյանգ – Բատշուայի եռակի գործարքը շատ հետաքրքիր տարբերակ է։ «Արսենալը» խոշոր տրանսֆերին զգուշությամբ է վերաբերվում։ Դրանք այնքան էլ լավ չեն ստացվում «Արսենալի» մոտ։ Այժմ մեծ ճնշում կլինի Օբամեյանգի վրա։ Այդպես էր նաեւ Օզիլի դեպքում։ Նա օգուտ տալիս է թիմին, բայց նրանից սպասում էին ավելին։

Կհիշվի Մխիթարյանի եւ Սանչեսի տրանսֆերային փոխանակությունը։ Ակումբները ստացան բարձրակարգ խաղացողների։ Իհարկե, բոլորը կասեն, թե ավելի շատ շահել է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Բայց ես վստահ եմ, որ «Արսենալն» է ավելին ստացել։ Լոնդոնյան ակումբն ազատվեց խաղացողից, որն այլեւս չէր ցանկանում ցուցադրել իր առավելագույնը եւ մոտիվացված չէր, իսկ Մխիթարյանը հսկայական ցանկություն ունի ապացուցել, որ Մանչեսթերում չկարողացավ լիարժեք դրսեւորվել ոչ մարզական պատճառներով։

Շատ ուրախ եմ Մխիթարյանի համար, քանի որ հայտնվել է մի թիմում, որը փիլիսոփայությամբ շատ մոտ է իրեն։ Մխիթարյանն իր մոտիվացիայով եւ վարպետությամբ կարող է դառնալ Պրեմյեր լիգայի երկրորդ շրջանի հայտնությունը։ Նրա վրա չի լինի այնպիսի ճնշում, ինչպիսին սպասվում է Օբամեյանգի դեպքում։ Կանխատեսում եմ, որ Մխիթարյանի տրանսֆերն ավելի օգտակար կլինի։ Մխիթարյանը պետք է ավելի մեծ հավասարակշռություն հաղորդի «Արսենալի» հարձակման եւ պաշտպանության միջեւ»,– Սլուցկու խոսքը մեջբերում է sovsport.ru–ն։

Հիշեցնենք, որ Մխիթարյանն արդեն նշել է նորամուտը «Արսենալում»՝ «Սուոնսիի» դեմ Անգլիայի առաջնության 25–րդ տուրի խաղում դուրս գալով փոխարինման 60–րդ րոպեին։ Այդ խաղում «Արսենալը» պարտվել է 1։3 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում