18:35  ,  28 հունվարի, 2018

Միհրան Հարությունյանը կնոջ հետ ներկա է Հայաստանի առաջնությանը (NEWS.am Sport LIVE)

Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներից Միհրան Հարությունյանը ներկա է Երեւանում ընթացող Հայաստանի առաջնությանը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությանն անցկացվում է հունվարի 28-ին նախկին «Միկա» մարզադահլիճում: Միհրան Հարությունյանը գոտեմարտերին հետեւում է իր կնոջ՝ աբխազ երգչուհի Մակտինա Բեբիայի հետ: 28-ամյա ըմբիշը նաեւ մասնակցել է պարգեւատրության արարողությանը:

Մարզադահլիճից գոտեմարտերին հետեւում է նաեւ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որը եւս չի մասնակցում Հայաստանի առաջնությանը: Արթուր Ալեքսանյանը նույնպես մասնակցել է պարգեւատրության արարողությանը:

Հիշեցնենք, որ  Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մրցագորգից բացակայում է Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր եկել ուսի վնասվածքով, իսկ եզրափակիչում խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել է սերբ Դավոր Շտեֆանեկին։ Դրանից հետո հայ ըմբիշը մի քանի վիրահատության է ենթարկվել Գերմանիայում, Լեհաստանում եւ Մոսկվայում: Վերջերս հայտնի էր դարձել, որ Միհրան Հարությունյանն պատրաստվում է ուժերը փորձել նաեւ խառը մենամարտերում (ММА): Վերջին շրջանում Հարությունյանը վերսկսել է ակտիվ մարզումները, սակայն չի մասնակցում Հայաստանի առաջնությանը:

Ավելի վաղ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հայտնել էր, որ Հայաստանի առաջնությունն անցկացվելու է հունվարից ուժի մտած նոր կանոններով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում