15:07  ,  23 հունվարի, 2018

«Արսենալ» - «Չելսի». Վենգերը՝ մեկնարկային կազմում Մխիթարյանի հայտնվելու մասին

Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ասուլիսում խոսել է թիմի նորեկ, «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխված Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի եւ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում Լոնդոնի «Չելսիի» հետ առաջիկա դիմակայության մասին:

«Ես լավ չեմ պատկերացնում, թե «Մանչեսթեր Յունայթեդում» մրցելույթներն ինչպես են ազդել Մխիթարյանի վրա: Առաջիկա երկու-երեք շաբաթում ես կստանամ բոլոր հարցերի պատասխանները:

Մխիթարյանը գիտի, թե ինչ է պայքարը ամենբարձր մակարդակում: Հույս ունեմ, որ կկարողանամ նրանից կորզել առավելագույնը: Իմ խնդիրը հենց դա է լինելու: Չեմ կասկածում, որ նա մեծ ձգտումով եւ նվիրվածությամբ կխաղա: Իմ մարտահրավերն է ստիպել նրան առավելագույնը դրսեւորել իր տաղանդները: Կարծում եմ՝ նա շատ բազմակողմանի է եւ կարող է շատ օգտակար լինել մեր թիմին:

Մեկնարկային կազմում Մխիթարյանի հայտնվելը կախված կլինի թիմի արդյունքներից եւ նրա մարզավիճակից ու մարզումների ժամանակ ցուցադրածից: Իհարկե, Մխիթարյանն ու Օզիլը կարող են միաժամանակ լինել մեկնարկային կազմում:

Առաջիկա հանդիպումը «Չելսիի» դեմ շատ կարեւոր է: Մենք ցանկանում ենք լինել եզրափակիչում: Առաջին խաղը շատ փակ ստացվեց, իսկ պատասխանում խաղում թիմերն ավելի ազատ կգործեն: Մենք շատ լավ ենք իրար ճանաչում: Այս դիմակայությունում ֆավորիտ չեմ տեսնում»,- Վենգերի խոսքը մեջբերում է «Արսենալի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Չելսին» ու «Արսենալը» «Ստեմֆորդ Բրիջում» խաղացել են ոչ ոքի՝ 0:0: Երկրորդ հանդիպումը տեղի կունենա հունվարի 25-ին «Արսենալի» ստադիոնում:

Եզրափակիչի մյուս ուղեգիրը վիճարկում են «Բրիստոլ Սիթին» ու «Մանչեսթեր Սիթին»: Առաջին խաղում 2:1 հաշվով առավելության է հասել «Մանչեսթեր Սիթին»: Պատասխան հանդիպումը հունվարի 23-ին է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում