16:53  ,  10 մարտի, 2012

Վարդան Բիչախչյան. Գյումրին ֆուտբոլային քաղաք է

Ֆուտբոլային նոր մրցաշրջանը Հայաստանում կմեկնարկի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպումներով: Պայքարը շարունակող քառյակի մեջ է նաեւ Գյումրիի «Շիրակը»: Գյումրեցիները դեռ ոչ մի անգամ չեն նվաճել Հայաստանի գավաթը: Վարդան Բիչախչյանի թիմը նպատակաուղղված մարզվում է հունվարի սկզբից, առաջին հերթին գավաթի խաղարկությունում հաղթանակի հասնելու համար, որը իրավունք կտա թիմին հանդես գալ Եվրոպայի լիգայի խաղարկությունում:

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Վարդան Բիչախչյանի հետ

Պարոն Բիչախչյան, ինչպե՞ս է ընթանում նախապատրաստական փուլը:

Առաջին երկու հավաքները մենք անցկացրեցինք Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, եւ հիմնական շեշտը դրված էր ֆուտբոլիստների ֆունկցիոնալ պատրաստականությունը բարելավելու վրա: Ճիշտ է, մեր բոլոր մարզումները հագեցած են եղել գնդակի հետ վարժություններով, բայց մենք այսպես փորձել ենք  համատեղել տղաների տեխնիկական պատրաստկանության բարձրացումը, ֆունկցիոնալ պատրաստականությունը բարելավելու հետ: Ընթացքում իհարկե ստուգողական հանդիպումներ ենք անցկացրել:

Անթալիայում մարզումների նպատակն արդեն  փոխվե՞ց:

Այո: Անթալիայում արդեն խաղային էր: Շեշտը դրվեց ստուգողական հանդիպումների ընթացքում տղաների համագործակցությունը տեսնելու, բացթողումները վերացնելու համար: Արդեն պրակտիկայում մենք փորձեցինք խաղալ այն ոճով, որով թիմը պետք է հանդես գա առաջնությունում եւ գավաթի խաղարկությունում: Խաղային ձեռագիրը պետք է հաստատուն լինի, սա է մեր նպատակը, անկախ նրանից, թե ինչ ֆուտբոլիստներ հանդես կգան թիմի կազմում: Այս ամենի հետ մեկտեղ փորձեցինք կայունություն մտցնել մեր թիմի խաղի մեջ, ու կարծես թե ստացվեց այն, ինչ ուզում էինք:  Տակտիկական մտահղացումներն էլ փորձարկվեցին, ու տղաների կատարած աշխատանքից ես գոհ եմ: Բայց  առայժմ ինձ չի գոհացնում մեր հարձակման գիծը: Ստուգողական հանդիպումների ժամանակ տեսանելի էր, որ գրոհի եզրափակիչ հատվածում մեզ մոտ ամեն ինչ չէ, որ կարգին է:

Իսկ արտասահմանցի խաղացողները ձեր պահանջներին համապատասխանեցի՞ն:

Սենեգալցի Ֆուֆանա Բեկոն Անթալիայում վնասվածք ստացավ եւ մարզումների երկրորդ մասին չկարողացավ մասնակցել: Մեծ է հավանականությունը, որ նրա հետ ի վերջո պայմանագիր կստորագրենք: Ֆրանսիացի պաշտպանի ծառայություններից հրաժարվեցինք, իսկ հարձակվող Ժան Լուի Բերնի հետ կապված հարցը դեռեւս քննարկման փուլում է: Թուրքիայում մեզ միացավ Դիոպ Դիամը: Հնարավոր է, որ այս ֆուտբոլիստը հանդես գա «Շիրակի» կազմում: Դիամը հանդիսանում է մերձմոսկովյան «Խիմկիի» ֆուտբոլիստ, եւ մեզ մոտ կարող է հանդես գալ վարձավճարով: Նա էլ վնասվածք ստացավ Անթալիայում, հուսանք, որ  կապաքինվի ու կօգնի մեր թիմին:

«Շիրակը» գավաթի խաղարկությունում հերթական հնարավորությունն է ստացել հասնել եզրափակիչ: Բայց դրա համար պետք է հաղթել «Միկային»: Մրցակցի կազմում էական փոփոխություններ են տեղի ունեցել, եւ «Միկան» հիմա համալրված է երիտասարդ ֆուտբոլիստներով: Ընդ որում, այս խաղարկության եզրափակիչն էլ կայանալու է Գյումրիում:

Շատ  ուրախ եմ, որ եզրափակիչը կայանալու է Գյումրիում, ֆուտբոլասերների ու գյումրեցի երկրպագուների համար սա իրոք նվեր է: Գյումրին ֆուտբոլային քաղաք է, եւ վերջին անգամ մեր ստադիոնում Հայաստանի երիտասարդական հավաքականն է խաղ անցկացրել շատ վաղուց: Արդեն երկու տարի է Գյումրիում հանդիպումներ չեն կայացել, եւ շատ կարեւոր է, որ առաջին անգամ գավաթի եզրափակիչը  այս տարի է լինելու մեզ մոտ: Մեզ համար շատ ցանկալի է, որ հայտնվենք եզրափակիչում ու սեփական հարկի տակ խաղանք մեր երկրպագուների աջակցությամբ: Բայց միայն խոսքերով ու ցանկությամբ չէ, որ պետք է հասնենք եզրափակիչ: Շատ լուրջ պետք է մոտենանք գավաթի կիսաեզրափակիչ հանդիպումներին: Ոչ մի նշանակություն չունի, որ «Միկան» համալրված է երիտասարդ ֆուտբոլիստներով: Թիմը ունի գավաթային բնավորություն, եւ հաղթելու համար մենք պետք է խաղադաշտում թողնենք մեր բոլոր ուժերը, հակառակ դեպքում հաջողության հասնելը համարյա հնարավոր չի լինի:

Եզրափակիչում հաղթանակը հնարավորություն կտա «Շիրակին»  հանդես գալ Եվրոպայի լիգայում:

Ճիշտն ասած, չեմ ուզում առաջ ընկնել: Հիմա կարեւորը կիսաեզրափակիչն է: Այստեղ հաղթելուց հետո նոր կարելի է մտածել եզրափակիչի մասին:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը

Լուսանկարը` fcshirak.am

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով