20:38  ,  27 դեկտեմբերի, 2017

Հարություն Մերդինյան. Օլիմպիական խաղերից հետո դատարկություն էր եւ երկընտրանք (ֆոտո)

2016թ. Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո մտածել է մեծ սպորտից հեռանալու մասին: Թեեւ մարզիկը դեռեւս իր վերջնական որոշումը չէր կայացրել, բայց շատերը նրա մարզական կարիերան արդեն ավարտած էին համարում: Այս իրավիճակը չհուսահատեցրեց չեմպիոնին, նա վերադարձավ մրցահարթակ եւ կրկին հայտնվեց Եվրոպայի լավագույն եռյակում՝ այս անգամ բավարարվելով բրոնզե մեդալով: Նա կշարունակի մարզվել, մասնակցել մրցումների մինչեւ Տոկիո 2020 -ի Օլիմպիական խաղերը, եթե նվաճի ուղեգիր:

Հարություն Մերդինյանը NEWS.am Sport-ի ընթերցողների համար ամփոփել է անցնող տարին:

Հարություն Մերդինյանի 2017 թվականը

Տարվա սկզբում հավաքների մասնակցեցինք, դրանից հետո Եվրոպայի առաջնությունն էր, որին նորմալ մասնակցեցի, նվաճեցի բրոնզե մեդալ: Ուրախալին այն էր, որ Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո էլի կարողացա եռյակում մնալ:

Մարմնամարզությունը շատ արագ տեմպերով է զարգանում աշխարհում, տարրերն են փոփոխությունների ենթարկվում եւ այս տեմպի մեջ եռյակում մնալն, իսկապես, մեծ արդյունք է: Կարող ես կյանքումդ մեկ անգամ դառնալ Եվրոպայի չեմպիոն եւ դրանից հետո էլ երբեք չլինել նույնիսկ եռյակում:

Օլիմպիական խաղերից հետո սպորտային մարմնամարզությունում մեծ փոփոխություններ եղան, կանոնները փոխվեցին, տարրեր կային, որ արժեզրկվեցին, այլ տարրերի բարդությունը եւ գնահատման միավորները բարձրացան:  

Եվրոպայի առաջնությունից հետո պատրաստվեցինք աշխարհի առաջնությանը, որն իրականում շատ լավ ստացվեց ինձ համար: Ճիշտ է` մեդալ չնվաճեցի, 5-րդ տեղով ավարտեցի մրցելույթս: Ես էլ, մարզիչներս էլ շատ գոհ ենք ԱԱ-ում իմ մասնակցությունից, վարժությանս կատարումից: Այժմ աշխատում ենք նոր ավելի բարդ տարրերի վրա, որով հանդես կգամ 2018-ի Եվրոպայի առաջնությունում:

2017-ի ամենատպավորիչ մրցաշարը

Ինձ մոտ ամեն մրցաշարն էլ հիշվող է: Երեւի չկա մեկը, որն առանձնացնեմ: Յուրաքանչյուր մրցաշար, առաջնություն առանձնահատուկ է ինձ համար: Աշխարհի գավաթի խաղարկություններին, որոնք տեղի են ունենում Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններից առաջ, երկու գավաթներում էլ վրիպեցի, քանի որ լավ պատրաստված չէի: Բայց մենք այդ մրցումներն ինձ համար օգտագործում էինք ոչ թե անպայման հաղթելու համար, այլ մարզավիճակ հավաքելու եւ բարդ տարրերս փորձարկելու համար: Վրիպումներ ունեցա, բայց, կարեւորն այն էր, որ լուրջ մրցումներում` Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում չվրիպեցի:

Հայկական սպորտային մարմնամարզության նվիրյալը

Ամբողջ կյանքում մարմնամարզությունում եմ եղել: Ունեմ նպատակ, դրանով առաջ եմ շարժվում: Եթե չլիներ նպատակ, միանշանակ, չէի մնա սպորտում. ուրիշ զբաղմունք կգտնեի, թեկուզ հենց Օլիմպիական խաղերից հետո: Մարմնամարզությունն ինձ համար ապրելակերպ է դարձել, աշխատանք, հոբբի, ամեն ինչ: Ահա, թե ինչու չեմ հիասթափվում եւ չեմ հեռանում մեծ սպորտից: Դեռ անելիքներ ունեմ: Ու սիրում եմ մարմնամարզությունը:

2017-ում իրականացված երազանքը

Օլիմպիական խաղերից հետո իմ առջեւ խնդիր ունեի նույն ոգեւորությամբ, նույն աշխուժությամբ մարզվել, մնալ մեծ սպորտում եւ մեդալներ նվաճել կարեւորագույն մրցաշարերում: Սա երազանք չէ, այլ նպատակ է, որը կարողացա իրականացնել Ռիոյից հետո: Ուզում էի Օլիմպիական խաղերում մեդալ չնվաճելուց հետո նույն ոգով մարզադահլիճ մտնել… Եղավ մի պահ, որ ամեն ինչ դատարկվեց Օլիմպիական խաղերից հետո: Մտածելու տեղիք տվեց այն, որ ես չկարողացա մեդալով վերադառնալ Ռիոյից ու մի պահ եղավ դատարկություն: Իհարկե, ուրախ եմ, որ դա երկար չտեւեց, ամեն ինչ վերադարձավ իր տեղը: Ուղղակի, ես հոգեբանորեն շեշտը դրել էի ՕԽ-ում մեդալ նվաճելու վրա, հատկապես, երբ վարկանիշ ձեռք բերեցի: Լրիվ նպատակս, որը կարծես այդ շրջանում դարձել էր կյանքի նպատակ, Օլիպիական խաղերն էին, օլիմպիական մեդալը: Ու հանկարծ չի լինում, վրիպում ես, խնդիրներ են առաջանում, կանգնում ես դատարկության առաջ. չգիտես դրանից հետո ինչ է լինելու քեզ հետ: Պարզ է, որ յուրաքանչյուր մարզիկ այդ շրջանում կանգնում է երկընտրանքի առաջ` կամ շարունակել, կամ ամեն ինչին վերջ դնել: Ես ընտրեցի շարունակելը եւ այժմ ամեն ինչ նորմալ է:

2018-ի երազանքը

Կուզեմ առողջություն լինի, որ մարզիկները երբեք առողջական խնդիրների պատճառով չլքեն մեծ սպորտը: Եկող տարվա երազանքս ու նպատակս Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում հաջող հանդես գալն է եւ մեդալներով վերադառնալը: Սա մեր ամբողջ թիմի գերնպատակն է` լուրջ մրցաշարերից լուրջ արդյունքներով վերադառնալ:

Ես միշտ իմ առջեւ նպատակ եմ դնում, որ յուրաքանչյուր մրցաշարից բարձր տրամադրությամբ հետ գամ, թեկուզ մեդալ չլինի, բայց մրցելույթը գոհացնի:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով