20:38 27 դեկտեմբերի, 20172016թ. Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո մտածել է մեծ սպորտից հեռանալու մասին: Թեեւ մարզիկը դեռեւս իր վերջնական որոշումը չէր կայացրել, բայց շատերը նրա մարզական կարիերան արդեն ավարտած էին համարում: Այս իրավիճակը չհուսահատեցրեց չեմպիոնին, նա վերադարձավ մրցահարթակ եւ կրկին հայտնվեց Եվրոպայի լավագույն եռյակում՝ այս անգամ բավարարվելով բրոնզե մեդալով: Նա կշարունակի մարզվել, մասնակցել մրցումների մինչեւ Տոկիո 2020 -ի Օլիմպիական խաղերը, եթե նվաճի ուղեգիր:
Հարություն Մերդինյանը NEWS.am Sport-ի ընթերցողների համար ամփոփել է անցնող տարին:
Հարություն Մերդինյանի 2017 թվականը…
Տարվա սկզբում հավաքների մասնակցեցինք, դրանից հետո Եվրոպայի առաջնությունն էր, որին նորմալ մասնակցեցի, նվաճեցի բրոնզե մեդալ: Ուրախալին այն էր, որ Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո էլի կարողացա եռյակում մնալ:
Մարմնամարզությունը շատ արագ տեմպերով է զարգանում աշխարհում, տարրերն են փոփոխությունների ենթարկվում եւ այս տեմպի մեջ եռյակում մնալն, իսկապես, մեծ արդյունք է: Կարող ես կյանքումդ մեկ անգամ դառնալ Եվրոպայի չեմպիոն եւ դրանից հետո էլ երբեք չլինել նույնիսկ եռյակում:
Օլիմպիական խաղերից հետո սպորտային մարմնամարզությունում մեծ փոփոխություններ եղան, կանոնները փոխվեցին, տարրեր կային, որ արժեզրկվեցին, այլ տարրերի բարդությունը եւ գնահատման միավորները բարձրացան:
Եվրոպայի առաջնությունից հետո պատրաստվեցինք աշխարհի առաջնությանը, որն իրականում շատ լավ ստացվեց ինձ համար: Ճիշտ է` մեդալ չնվաճեցի, 5-րդ տեղով ավարտեցի մրցելույթս: Ես էլ, մարզիչներս էլ շատ գոհ ենք ԱԱ-ում իմ մասնակցությունից, վարժությանս կատարումից: Այժմ աշխատում ենք նոր ավելի բարդ տարրերի վրա, որով հանդես կգամ 2018-ի Եվրոպայի առաջնությունում:

2017-ի ամենատպավորիչ մրցաշարը…
Ինձ մոտ ամեն մրցաշարն էլ հիշվող է: Երեւի չկա մեկը, որն առանձնացնեմ: Յուրաքանչյուր մրցաշար, առաջնություն առանձնահատուկ է ինձ համար: Աշխարհի գավաթի խաղարկություններին, որոնք տեղի են ունենում Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններից առաջ, երկու գավաթներում էլ վրիպեցի, քանի որ լավ պատրաստված չէի: Բայց մենք այդ մրցումներն ինձ համար օգտագործում էինք ոչ թե անպայման հաղթելու համար, այլ մարզավիճակ հավաքելու եւ բարդ տարրերս փորձարկելու համար: Վրիպումներ ունեցա, բայց, կարեւորն այն էր, որ լուրջ մրցումներում` Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում չվրիպեցի:
Հայկական սպորտային մարմնամարզության նվիրյալը…
Ամբողջ կյանքում մարմնամարզությունում եմ եղել: Ունեմ նպատակ, դրանով առաջ եմ շարժվում: Եթե չլիներ նպատակ, միանշանակ, չէի մնա սպորտում. ուրիշ զբաղմունք կգտնեի, թեկուզ հենց Օլիմպիական խաղերից հետո: Մարմնամարզությունն ինձ համար ապրելակերպ է դարձել, աշխատանք, հոբբի, ամեն ինչ: Ահա, թե ինչու չեմ հիասթափվում եւ չեմ հեռանում մեծ սպորտից: Դեռ անելիքներ ունեմ: Ու սիրում եմ մարմնամարզությունը:

2017-ում իրականացված երազանքը…
Օլիմպիական խաղերից հետո իմ առջեւ խնդիր ունեի նույն ոգեւորությամբ, նույն աշխուժությամբ մարզվել, մնալ մեծ սպորտում եւ մեդալներ նվաճել կարեւորագույն մրցաշարերում: Սա երազանք չէ, այլ նպատակ է, որը կարողացա իրականացնել Ռիոյից հետո: Ուզում էի Օլիմպիական խաղերում մեդալ չնվաճելուց հետո նույն ոգով մարզադահլիճ մտնել… Եղավ մի պահ, որ ամեն ինչ դատարկվեց Օլիմպիական խաղերից հետո: Մտածելու տեղիք տվեց այն, որ ես չկարողացա մեդալով վերադառնալ Ռիոյից ու մի պահ եղավ դատարկություն: Իհարկե, ուրախ եմ, որ դա երկար չտեւեց, ամեն ինչ վերադարձավ իր տեղը: Ուղղակի, ես հոգեբանորեն շեշտը դրել էի ՕԽ-ում մեդալ նվաճելու վրա, հատկապես, երբ վարկանիշ ձեռք բերեցի: Լրիվ նպատակս, որը կարծես այդ շրջանում դարձել էր կյանքի նպատակ, Օլիպիական խաղերն էին, օլիմպիական մեդալը: Ու հանկարծ չի լինում, վրիպում ես, խնդիրներ են առաջանում, կանգնում ես դատարկության առաջ. չգիտես դրանից հետո ինչ է լինելու քեզ հետ: Պարզ է, որ յուրաքանչյուր մարզիկ այդ շրջանում կանգնում է երկընտրանքի առաջ` կամ շարունակել, կամ ամեն ինչին վերջ դնել: Ես ընտրեցի շարունակելը եւ այժմ ամեն ինչ նորմալ է:

2018-ի երազանքը…
Կուզեմ առողջություն լինի, որ մարզիկները երբեք առողջական խնդիրների պատճառով չլքեն մեծ սպորտը: Եկող տարվա երազանքս ու նպատակս Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում հաջող հանդես գալն է եւ մեդալներով վերադառնալը: Սա մեր ամբողջ թիմի գերնպատակն է` լուրջ մրցաշարերից լուրջ արդյունքներով վերադառնալ:
Ես միշտ իմ առջեւ նպատակ եմ դնում, որ յուրաքանչյուր մրցաշարից բարձր տրամադրությամբ հետ գամ, թեկուզ մեդալ չլինի, բայց մրցելույթը գոհացնի:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.