11:57  ,  12 դեկտեմբերի, 2017

Լուի վան Գալ. «Մանչեսթեր Յունայթեդը» խաղում է ձանձրալի ֆուտբոլ, բայց Մոուրինյոյին չեն քննադատում

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը քննադատել է անգլիական ակումբի խաղը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ:

«Եթե ինձ հարցնեք «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատանքի մասին, ապա կասեմ, որ դա իմ կարիերայի լավագույն տարին էր՝ հաշվի առնելով աշխատանքային պայմանները: Մենք ֆուտբոլ էինք խաղում, եւ ամեն բան նորմալ էր, սակայն Անգլիայում չեն գնահատում այդպիսի ֆուտբոլ:

Այժմ պետք է նկատեմ, որ Ժոզե Մոուրինյոյին չեն քննադատում, թեեւ հիմա «Մանչեսթեր Յունայթեդը» ցուցադրում է ավելի ձանձրալի ֆուտբոլ, քան իմ գլխավորությամբ էր: Կնախընտրեի դիտել «Մանչեսթեր Սիթիի» խաղը, այլ ոչ թե «Մանչեսթեր Յունայթեդի»: «Մանչեսթեր Յունայթեդն» այժմ ցուցադրում է պաշտպանողական ֆուտբոլ, իսկ իմ թիմերը միշտ հարձակողական են խաղացել: Դրա ապացույցն այն էր, որ մրցակիցը միշտ խաղում էր «ավտոբուս» խաղաոճով: Հիմա «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցներն այդպես չեն գործում, քանի որ Մոուրինյոն խաղում է պաշտպանողական ֆուտբոլ»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է Mirror-ը:

Հիշեցնենք, որ 66-ամյա Լուի վան Գալը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորել է 2014-2016-ը, իսկ դրանից հետո ավարտել է մարզչական կարիերան:

Անգլիայի առաջնության նախորդ՝ 16-րդ տուրում երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդը» տանը 1:2 հաշվով պարտվել էր առաջատար «Մանչեսթեր Սիթիին», որին զիջում է 11 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս