21:55  +04,  7 դեկտեմբերի, 2017

Հակոբ Սերոբյան. Սպասելիքներս ավելի քիչ են եղել, այդ պատճառով տարին գնահատում եմ դրական

Հույս կա, որ Ալբերտ Ազարյանի մարզադպրոցը կվերանորոգվի: Հրաչյա Ռոստոմյանն անձամբ է ինձ խոսք տվել, որ բետոնային ծածկույթը սպորտի նախարարությունը կանի։ Բայց հայտնի չէ, թե քաղաքապետարանը երբ կսկսի վերանորոգումը, իսկ մենք չենք կարող երկար սպասել:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։

Պարոն Սերոբյան, ի՞նչ արդյունքներ ունեցավ հայկական սպորտային մարմնամարզությունը անցնող տարում։

Լավ տարի էր․ սպասելիքներս ավելի քիչ են եղել, այդ պատճառով տարին գնահատում եմ դրական։ Սպորտային մարմնամարզության կանոնադրությունը փոխվեց այս տարի, նոր ծրագրեր կազմվեցին եւ այդ պատճառով որոշակի անորոշություն կար, թե ինչ կկատարվի, ինչպես կստացվի։

Նվաճումների առումով լավ արդյունքներ ունեցանք․ աշխարհի գավաթի խաղարկությունից վերադարձանք 3 մեդալով՝ ոսկի, արծաթ եւ բրոնզ։ Սա սպասվածից լավ արդյունք էր։ Թերություններ կային, բայց մեդալները գոհացնող էին։

Եվրոպայի առաջնությունն իմ սպասվածից քիչ էր։  Մասնակցեցինք 6 մարզիկով, որոնցից 4-ը մտան եզրափակիչ։ Եվրոպայի առաջնությունում մեդալին շատ մոտ էր Արթուր Թովմասյանը օղակների վարժությունում, բայց վրիպում թույլ տվեց եւ կորցրեց մեդալը։ Ոսկե մեդալ չէր կարող նվաճել, քանի որ մրցակիցը օլիմպիական չեմպիոն էր։ 

Եվրոպայի առաջնությունում իր փայլուն մասնակցությամբ ուրախացրեց Հարություն Մերդինյանը։ Նա նվաճեց բրոնզե մեդալ, բայց իր տարիքի համեմատ, աշխատասիրության եւ պրոֆեսիոնալիզմի արդյունքում մեդալ նվաճեց, ինչը շատ գոհացրեց բոլորիս, քանի որ Եվրոպայի առաջնությունում իրականում մեդալի ակնկալիք ունեինք օղակների վարժությունից։ Մեկ մեդալով վերադարձանք Եվրոպայի առաջնությունից, բայց  եզրափակիչի 4 մասնակից ունեցանք, ինչը մեծ արդյունք էր, եւ 4-ն էլ մեդալի կռիվ էին տալիս։

Արթուր Թովմասյանին չհաջողվեց ԵԱ-ից մեդալով վերադառնալ, բայց այս տարի մեր մարզիկը երկրորդ անգամ դարձավ համաշխարհային Ունիվերսիադայի չեմպիոն։ Ես հետո իմացա, որ Թովմասյանը Հայաստանի միակ մարզիկն է, ով կրկնակի չեմպիոն է դառնում եւ որ որեւէ մարզաձեւի մեջ կրկնակի չեմպիոն չենք ունեցել։ Ինձ շատ ուրախացրեց այս փաստը։

Աշխարհի առաջնության մասին ինչ կասե՞ք։

Աշխարհի առաջնությունում բոլորն էին մեդալ սպասում Հարություն Մերդինյանից։ Այստեղ էլ նա փայլուն հանդես եկավ, ցույց տվեց իր պրոֆեսիոնալիզմը, գրավեց 5-րդ տեղը: Ինձ համար եւ առհասարակ մեր մարզաձեւում 5-րդ տեղն ու մեդալը շատ մոտ են իրար։ Արեցինք այնքան, որքան կարող էինք, որքան մեր հնարավորությունները թույլ տվեցին։ Իր վարժությունը Հարություն Մերդինյանը հրաշալի կատարեց․ նա գրեթե վայր էր ընկնում, բայց ավելացնելով վարժության տարրերը, այնպես ավարտեց, կարծես հենց այդ ծրագիրն էլ նախապես մտածել էինք։ Սա խոսում է մարզիկի մասնագիտական որակների մասին։

Այս տարվա աշխարհի առաջնությունն ինձ համար եւ բոլորի համար պատմական էր, քանի որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությունում բազմամարտի երզափակիչի մասնակից ունեցանք Արթուր Դավթյանի շնորհիվ։ Նա գրավեց 13-րդ տեղը, բայց սա աշխարհի առաջնության համար լավ արդյունք է։

Ազգային հավաքականի փոխարինող սերունդն ինչպիսի՞ն է եւ ո՞վ է աչքի ընկել այս տարի։  

Լավ սերունդ ունենք, բայց արդյունքները դեռեւս այդքան էլ աչքի ընկնող չեն։ Եթե մենք մյուս մարզաձեւերի պես մինչեւ 20, 22 տարեկանների Եվրոպայի առաջնություններ ունենայինք, վստահ լավ արդյունքներ կլինեին։ Մի շարք միջազգային մրցաշարերի են մասնակցել երիտասարդները եւ լավ արդյունքներ կան։ Այս տարի աչքի ընկավ Ժորա Սմբատյանը, ով այս տարի մեդալներ շատ նվաճեց։  

Ընհանուր առմամբ գոհ եմ մեր այս տարվա աաշխատանքից։ Թերություններ կան, ունենք եւ պետք է աշխատենք ուղղել դրանք ։

Իսկ ի՞նչ բացթողում եղավ այս տարի, ի՞նչ դժգոհություն ունեք։

Դժգոհությունս նույն Ժորա Սմբատյանից է, ով Հունգարիայում կայացած  Եվրոպական պատանեկան ամառային օլիմպիական փառատոնում շատ վատ մասնակցեց հատկապես այն գործիքի վրա, որի գլխավոր մրցավարը ես էի․ նժույգի թափերի։ Երիտասարդ մարզիկն ուղղակի ինքն իր նման չէր։ Նա ոչ թե սպասվածից քիչ արդյունք արեց, այլ ընդհանրապես արդյունք չարեց։ Սա մեր այս տարվա ամենավատ մրցումն է եղել եւ իմ ամենամեծ դժգոհությունը։

Ինձ համար շատ կարեւոր է, որ մեր թիմում ամեն ինչ շատ լավ է, տղաները միմյանց օգնելով առաջ ենք շարժվում։ Քանի դեռ թիմը կլինի համերաշխ, ընկերական, խոսքը միայն մարզիկների մասին չէ, նաեւ մարզիչների պարագայում, արդյունքները կլինեն։ Իրականում դժվար է պահել այդ համերաշխությունը, բայց մեր պարագայում ստացվում է։

Նախորդ տարվա դեկտեմբերին մարմնամարզիկների բյուջեն ավելացավ։

Բյուջեն ավելացավ, բայց մրցաշարերի մասնակցության առումով այդքան մեծ տարբերություն չզգացվեց։ Նախորդ տարիներին, եթե մեր ունեցած բյուջեով կարող էինք մի քանի մարզիկ տանել, ՀԱՕԿ-ը մեզ աջակցում էր, որ մեծ թվով մարզիկներով մասնակցեինք։ Նույնը եւ աշխարհի առաջնություններին, ինչպես նաեւ Ծաղկաձորի հավաքը մեր ունեցած բյուջեով չէինք կարող անել։ Այս տարի ամեն ինչ արեցինք մեր բյուջեով․ նորմալ քանակի մասնակիցներով, մարզիչներով գնացինք մրցաշարերի, հավաքներ անցկացրինք եւ մեծ հավաք ունեցանք Ֆրանսիայում։ Մեր բյուջեն 2018 թվականին կրկին կավելանա 5 մլն դրամով։ Սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը նշել է, որ էլի է ավելանալու մեր բյուջեն։

Ի դեպ, դահլիճի վերանորոգման հարցը դեռ ձգձգվու՞մ է, այդ պատճառով եք արտագնա հավաքների վրա շեշտադրությունը դնում։

Հույս կա, որ մեր դահլիճը մի օր կվերանորոգվի։ Ես վստահ եմ, որ կանեն․․․ Բայց, թե երբ է լինելու, պարզ չէ։ Մենք չենք կարող սպասել, ուշանում ենք, տարիները գնում են․․․  Արթուր Դավթյանն արդեն 25 տարեկան է։ Մենք պետք է փորձենք նոր վարժություններ, ։ Այստեղ չունենք հենացատկի փոս։ Որոշել ենք 2018 թվականին շատ մրցաշարեր մասնակցելու փոխարեն հավաքներ անցկացնել Թբիլիսիում, որտեղ կա հրաշալի պայմաններով դահլիճ։ Բոլորս քննարկել ենք եւ եկել այն մտքին, որ ավելի լավ է 1-2 մրցաշար բաց թողնել, դրա փոխարեն մի քանի անգամ հավաք անկացնել դրսում։

2018թ. Հայաստանի առաջնությունը կանցկացնենք հունիսին, քանի որ Եվրոպայի առաջնությունը օգոստոսին է։ Իսկ անցնող տարին կավարտենց Վորոնինի մրցաշարով, որտեց կմասնակցեն Արթուր Դավթյանն ու Վիգեն Խաչատրյանը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ