23:10  ,  16 նոյեմբերի, 2017

ԱԱ-2018-ի ընտրական փուլը ռեկորդային էր անցկացված խաղերի քանակով

ԱԱ-2018-ի որակավորման մրցաշարում ռեկորդային քանակով հանդիպումներ են անցկացվել աշխարհի առաջնության ընտրական փուլերում, հայտնում է ՖԻՖԱ-ի կայքը:

2015 թվականի մարտից մինչեւ այս տարվա նոյեմբերի 15-ը տեղի են ունեցել 871 խաղեր, որոնցում գրանցվել է 2457 գոլ: Ընտրական փուլում ամենախոշոր հաշվով հաղթանակը տարել է Քաթարի հավաքականը, որն ասիական գոտում 15:0 հաշվով հաղթել է Բութանի թիմին:

Ավստրալիայի հավաքականն էլ կրկնել է աշխարհի առաջնության ընտրական փուլերում անցկացրած խաղերի ռեկորդը՝ մասնակցելով 22 հանդիպման: Նույնքան հանդիպում անցկացրել էին նաեւ նախորդ ռեկորդակիրներ Հոնդուրասի ու Տրինիդադ-Տոբագոյի թիմերը (ԱԱ-2002-ի ընտրական փուլում): Ընդ որում՝ այդ խաղերի համար ավստրալացիներն անցել են մոտ 250 հազար կմ:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը տեղի կունենա հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում: Խմբային փուլի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 1-ին Մոսկվայում: Բոլոր մասնակիցներն ու վիճակահանության զամբյուղներն արդեն հայտնի են:

А զամբյուղ. Ռուսաստան, Գերմանիա, Բրազիլիա, Պորտուգալիա, Արգենտինա, Բելգիա, Լեհաստան, Ֆրանսիա.

В զամբյուղ. Իսպանիա, Պերու, Շվեյցարիա, Անգլիա, Կոլումբիա, Խորվաթիա, Մեքսիկա, Ուրուգվայ:

С զամբյուղ. Դանիա, Շվեդիա, Իսլանդիա, Կոստա Ռիկա, Թունիս, Եգիպտոս, Սենեգալ, Իրան:

D զամբյուղ. Սերբիա, Նիգերիա, Ճապոնիա, Մարոկկո, Պանամա, Հարավային Կորեա, Սաուդյան Արաբիա, Ավստրալիա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում