10:45  ,  23 հոկտեմբերի, 2017

Գաբրիել Ղազարյան. Պետք է աշխատենք գոլֆը Հայաստանում զարգացնելու ուղղությամբ

Հայաստանում գոլֆ մարզաձեւի զարգացման համար անհրաժեշտ են մարզաբազաներ եւ գովազդ: Մարզաձեւի զարգացմանն ու մասսայականացմանը խանգարում է նաեւ թանկությունը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը:

Հոկտեմբերի 7-22-ը Երեւանի «Արարատ» գոլֆի ակումբում անցկացվեց ընտանեկան գոլֆի փառատոնի ու մինի-գոլֆի ընտանեկան մրցաշար: Տղամարդկանց պայքարում հաղթեց Համբարձում Համբարձումյանը, կանանց պայքարում Լիլիթ Հովհաննիսյանը, իսկ երեխաների տարիքային խմբում՝ Մարիա Բոյաջյանը:

Մրցաշարը կազմակերպվել էր Հայաստանի գոլֆի ազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ,  Հայաստանում Եվրոպական միության ու Հայաստանի սպորտի նախարարության աջակցությամբ: Մրցաշարի պարգեւտրման արարողությունը ներկա էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Պյոտր Անտոնի Սվիտալսկին, ինչպես նաեւ Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը:

«Գոլֆ մարզաձեւը զարգացնելու համար մեզ անհրաժեշտ է բազա, իսկ այս պահին Հայաստանում ունենք միայն այս բազան: Գոլֆի ասոցիացիայի հետ ունենք մարզաձեւի մասսայականացման ծրագիր: Դեռ պետք է աշխատենք այս մարզաձեւը Հայաստանում զարգացնելու ուղղությամբ, ինչի համար մեզ շատ անհրաժեշտ է բազա»,- ասաց Գաբրիել Ղազարյան:

Թե ինչով է պայմանավորված գոլֆ մարզաձեւով զբաղվողների քիչ քանակը, ըստ սպորտի փոխնախարարի, մարզաձեւի գովազդի խնդիր կա:

«Բացի այն, որ սա թանկ մարզաձեւ է, նաեւ գովազդի խնդիր կա: Անհրաժեշտ է գեղեցիկ ներկայացնել մարզաձեւը, գովազդել, որպեսզի մարդիկ գան եւ մարզվեն: Թանկությունն էլ իր հերթին նպաստում է, որ քիչ լինի մարդկանց հոսքը դեպի գոլֆի դաշտ, բայց դրա համար ցանկություն է նախ պետք»,- նշեց Գաբրիել Ղազարյանը:

Հայաստանի գոլֆի ազգային ասոցիացիայի նախագահ Կարեն Հովհաննիսյանի խոսքով, ընտանեկան մինի գոլֆի փառատոնի նպատակը միջոցառման միջոցով մարդկանց մարզաձեւի մասին իրազեկելն է եւ գոլֆի դաշտ բելերը:

«Փառատոնը մեկնարկել է հոկտեմբերի 7-ին: Գաղափար կար Հայաստանում անցկացնել մինի գոլֆի ընտանեկան փառատոնը եւ այդ ծրագիրն ընդգրկվեց «Եվրոպական սպորտ» փառատոնի ծրագրում: Փառատոնն ուներ 60 մասնակից:

Գոլֆը սկսել է արդեն հետաքրքրություն առաջացնել Հայաստանում: Գոլֆ խաղում են բացօթյա տարածությունում, անվնաս է, հնարավորություն է տալիս բոլոր տարիքային խմբերում, ընտանիքներով այս մարզաձեւով զբաղվել: Այս մարզաձեւը նաեւ հետաքրքիր ժամանց է:

Մեր առաջնահերթ խնդիրը գոլֆ մարզաձեւի մասսայականացումն է: Խնդիր ունենք այս մարզաձեւի մասսայականացման համար, քանի որ դեռեւս միայն մեկ ակումբ կա Հայաստանում: Պրոֆեսիոնալ գոլֆով զբաղվողների թիվը Հայաստանում հասնում է 50-ի: Մեր մարզիկները մասնակցում են նաեւ տարբեր միջազգային մրցաշարերի:

Գոլֆ խաղալն այդքան էլ թանկ հաճույք չէ: Միայն մարզագույքը վարձակալելու գումար է անհարժեշտ՝ մեկ ժամվա համար 3000 դրամ: Սա մարզվելու արժեքն է, միայն մարզվելու համար նախատեսված տարածքում, իսկ եթե գոլֆ խաղում են եւ զբաղեցվում են բոլոր 9 դաշտերը, արժեքը 6000 դրամ է: Այս գումարը, համեմատած եվրոպական գների, շատ մատչելի է: Այնպես որ, Հայաստանում գոլֆ խաղալը մատչելի է եւ թանկ լինելը չէ պատճառը, որ դեռեւս մարզաձեւի մասսայականացման խնդիր ունենք»,- ասաց Կարեն Հովհաննիսյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս