18:10  ,  8 հոկտեմբերի, 2017

Անդրեա Պիրլոն դեկտեմբերին կավարտի կարիերան

«Նյու Յորք Սիթիի» իտալացի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն հայտարարել է, որ ամերիկյան ակումբի հետ պայմանագրի ժամկետի լրանալուց հետո կավարտի կարիերան: 38-ամյա իտալացու գործող պայմանագիրն ավարտվում է այս տարվա դեկտեմբերին:

«Դու հասկանում ես, որ եկել է ժամանակը: Յուրաքանչյուր օր ունենում ես ֆիզիկական խնդիրներ եւ չես կարողանում մարզվել այնպես, ինչպես ցանկանում ես, քանի որ միշտ ունես ինչ-որ խնդիր: Իմ տարիքում եկել է ժամանակը, որ ասեմ բավական է: Կզբաղվեմ այլ աշխատանքով:

Դեկտեմբերին կվերադառնամ Իտալիա: Ես ունեմ մի քանի մտքեր, սակայն ինձ ժամանակ է հարկավոր որոշում կայացնելու համար»,- Պիրլոյի խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը:

Հիշեցնենք, որ Պիրլոն 2015-ից է խաղում ԱՄՆ-ում: Ակումբային կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաեւ իտալական «Բրեշիայում», «Ինտերում», «Ռեջինայում», «Միլանում» ու «Յուվենտուսում», 6 անգամ հաղթել է A Սերիայում եւ 2 անգամ Չեմպիոնների լիգայում: Իտալիայի ազգային հավաքականի կազմում կիսապաշտպանը 2002-2016-ն անցկացրել է 116 խաղ եւ դարձել 13 գոլի հեղինակ, իսկ 2006-ին հռչակվել է աշխարհի չեմպիոն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում