14:28  ,  3 հոկտեմբերի, 2017

ՊՍԺ-ի խաղից առաջ Փարիզում կանխվել է ահաբեկչության փորձ

ՊՍԺ - «Բորդո» (6:2) ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 8-րդ տուրի հանդիպումից առաջ Փարիզում կանխվել է ահաբեկչության փորձ: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ոստիկանությունը, գրում է Daily Mail-ը:

Ինքնաշեն ռումբը հայտնաբերվել է հոկտեմբերի 1-ին՝ առավոտյան ժամը 4-ին, «Պարկ դե Պրենս» ստադիոնի մոտ: Ռումբը բաղկացած է եղել 4 գազի բալոններից, որոնք լցված են եղել բենզինով եւ պետք է պայթեին բջջային հեռախոսի զանգից հետո:

Դեպքի առթիվ ձերբակալվել են 5 կասկածյալներ, որոնցից մեկը հսկողության տակ գտնվող իսլամական ծայրահեղական է: Հնարավոր է, որ նա օգտագոծել է իր նմանակին, որպեսզի խուսափի ոստիկանությունից:

ՊՍԺ - «Բորդո» խաղին ներկա է եղել 47 հազար երկրպագու:

Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերի 13-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում միաժամանակ կատարվել էր ահաբեկչական վեց գործողություն, որոնից մեկը՝ «Ստադ դը Ֆրանս» ստադիոնում անցկացված Ֆրանսիա - Գերմանիա խաղի ժամանակ: Ստադիոնի մոտ տեղի էր ունեցել երեք պայթյուն, որոնցից երկուսը կատարել էին մահապարտ-ահաբեկիչները՝ սպանելով 3 երկրպագուների: Պաշտոնական տվյալներով, այդ ահաբեկչության հետեւանքով Փարիզում մահացել էր առնվազն 130 մարդ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում