17:33  ,  20 օգոստոսի, 2017

Պորտուգալացի կախարդն օգնություն է առաջարկում Ռոնալդուին, որին համարում է անիծված

Պորտուգալացի կախարդ Ֆաֆեն հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ունի իր օգնության կարիքը եւ առաջարկել է իր ծառայությունները:

Ֆաֆեն կարծում է, որ ֆուտբոլիստը հարկերի հետ կապված դատարանում է հայտնվել, այժմ էլ որակազրկվել է ժամանակին թույլ տված սխալի հետեւանքով: 2005 թվականին Ռոնալդուն չէր ցանկացել ներկա լինել հոր թաղմանը: Նա չէր հեռացել Պորտուգալիայի թիմից, որն այն ժամանակ Մոսկվայում պատրաստվում էր Ռուսաստանի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղին:

«Ռոնալդուն այժմ հոգեբանորեն եւ ֆիզիկապես թույլ է: Հանդիպմանը մասնակցելու համար նա չէր մեկնել հոր թաղմանը: Նա երկար ժամանակ չէր խոսում հոր հետ, մահից հետո էլ չցանկացավ վերջին հրաժեշտին գնալ: Այդ ամենը ժամանակի ընթացքում հսկայական բացասական էներգիա է կուտակում: Այդպիսի վարքը միշտ հետեւանքներ է ունենում: Լավ կախարդը կլուծեր նրա խնդիրները: Պատրաստ եմ անվճար օգնել Ռոնալդուին»,- կախարդի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն մեղադրվում է Իսպանիայի հարկային մարմիններից մոտ 14 միլիոն եվրո թաքցնելու մեջ: Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան խաղում էլ մրցավարին հրելու համար նա որակազրկվել է հինգ խաղով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում